Բավ է պառակտվել
12-08-2016 14:19

Dilijan Arts Observatory է բացվում Հայաստանում

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և Դիլիջանի զարգացման (Dilijan Development Foundation) հիմնադրամներն ազդարարում են Դիլիջանի արվեստների աստղադիտարան (Dilijan Arts Observatory) նախագծի մեկնարկը:

Փորձարարական հարակից գիտահետազոտական այս նախագծի խնդիրը մշակույթի և բարձրագույն կրթության հանդեպ նոր մոտեցումների մշակումն է Դիլիջանում: Լինելով Հայաստանում Dilijan Art Initiative-ի շրջանակում կազմակերպված միջազգային առաջին նշանակալի մշակութային միջոցառումը՝ Դիլիջանի արվեստների աստղադիտարան նախագիծն օգոստոսի 22-ից սեպտեմբերի 11-ը քաղաքում կհամախմբի նկարիչների, մշակութաբանների ու էկոլոգների՝ տարբեր երկրներից, հաղորդում է IdeA-ի մամուլի ծառայությունը:

Dilijan Art Initiative-ը համալիր նախագիծ է՝ միտված աջակցելու Դիլիջանի և Հայաստանի մշակույթը երկրի սահմաններից դուրս ներկայացնելուն: Ի թիվս այլ աշխատանքների՝ նախատեսվում է ցուցահանդեսների կազմակերպում և հայկական սփյուռքի նկարիչների աշխատանքների ներկայացում համաշխարհային առաջատար մշակութային հարթակներում ու կարևորագույն միջոցառումներում:

Dilijan Art Initiative-ի աջակցությամբ՝ Վենետիկի 56-րդ բիենալեին ստեղծվել է «Հայություն» խորագրով հայկական տաղավարը, որն արժանացել էր միջազգային հեղինակավոր այս ցուցահանդեսի գլխավոր՝ «Ոսկե առյուծ» մրցանակին, ինչպես նաև ներկայացվել էր Հայկական ծրագիր Ստամբուլի 15-րդ բիենալեին՝ նվիրված հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությանը ժամանակակից Թուրքիայում և Ցեղասպանության ողբերգությանը:

Dilijan Art Initiative-ում ներառված Դիլիջանի արվեստների աստղադիտարան նախագիծը կյանքի է կոչվել UWC Dilijan քոլեջի, RVVZ և IDeA բարեգործական հիմնադրամների հիմնադիրներ, DDF հիմնադրամի համահիմնադիրներ, բարեգործներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնեբենդի, ինչպես նաև DDF հիմնադրամի համահիմնադիր և Adibekian Family Foundation for Advancement (AFFA) հիմնադրամի հիմնադիր Գագիկ Ադիբեկյանի աջակցությամբ:

Դիլիջանի արվեստների աստղադիտարան նախագիծը մշակել է թանգարանային համակարգող և անթրոպոլոգ Կլեմենտին Դելիսը: Արվեստի տեսաբաններն ու արվեստը գործնականում կիրառողները կմիավորեն իրենց ջանքերը Դիլիջան քաղաքում և նրա շրջակայքում անցկացվելիք դաշտային գիտական հետազոտությունների ընթացքում: Այդ աշխատանքներին ակտիվորեն կներգրավվեն նաև տեղի բնակիչները: Հետազոտության նպատակն է` նկարագրել տեղի ժողովրդական սովորություններն ու բացահայտել աշխարհընկալման առանձնահատկությունները:

Դաշտային աշխատանքի առանցքային թեմաներն են՝ ոճ, արհեստներ, գրաֆիկա, երաժշտություն (այդ թվում՝ երգահանություն) և աստղագիտություն, խորհրդային շրջանի ճարտարապետություն և դիզայն, ուտեստների պատրաստում, վայրի բնություն, բուսաբանություն և տարածքին բնորոշ եզակի մթերքներ: Աստղադիտարանը կկազմակեպվի Դիլիջանում և շրջակա գյուղերում, իսկ որպես նախագծի գրասենյակ կծառայի ճարտարապետական տեսանկյունից ակնառու, խորհրդային շրջանում հայտնի «Իմպուլս» գործարանի մասնաշենքը: Ժամանակին, քանի դեռ գործարանը չէր մասնավորեցվել, այստեղ էլեկտրոնային արտադրանքի ստեղծման վրա աշխատում էին 4000 աշխատակիցներ:

Դիլիջանի արվեստների աստղադիտարանի մասնակիցներ. Վահրամ Աղասյան (Հայաստան), Այգ Այվազյան (Կանադա), Ալեն Ամիրխանյան (Հայաստան), Ռուբեն Արևշատյան (Հայաստան), Վարդան Ազատյան (Հայաստան), Էրիկ վան Բյուրեն (Նիդերլանդներ), Եկատերինա Չուչելինա (Ռուսաստան), Վարդան Դանիելյան (Հայաստան), Մուհամեդ Դիբ (Լիբանան), Կլեմենտին Դելիս (Մեծ Բրիտանիա), Սիլվինա Տեր-Մկրտչյան (Հայաստան), Արպադ Դոբրիբան (Գերմանիա), Էնդրյու դը Ֆրեյտաս (Նոր Զելանդիա), Վիգեն Գալստյան (Հայաստան), Նատաշա Գասպարյան (Լիբանան), Ռաֆայել Գրոլիմունդ (Շվեյցարիա), Անժելա Հարությունյան (Հայաստան), Կրիսպեն Է (Շվեյցարիա), Միշա Հոլենբահ (Ավստրալիա), Մարկ Նորբերտ Հյորլեր (Շվեյցարիա), Մարիաննա Հովհաննիսյան (Հայաստան), Քրիստոֆ Կելլեր (Գերմանիա), Արամ Քեռյան (Հայաստան), Նայիրի Խաչատուրեան (Հայաստան), Անտյե Մաևսկի (Գերմանիա), Օգյուստեն Մոր (Ֆրանսիա), Յոհաննա Միտրեա (Ռումինիա), Մարիա Մկրտիչևա (Ռուսաստան), Մաթիլդա Ռոզե (Շվեյցարիա), Մարչելո Սպեդա (Իտալիա), Պասկալ Շտորց (Շվեյցարիա), Շոնա Տուրի (Ավստրալիա), Պյորկս և Մինի (Ավստրալիա), Յոհաննա Սոկոլովսկա (Լեհաստան), Հասմիկ Տեր-Ոսկանյան (Հայաստան), Վանգյուշ Վելահու (Ալբանիա), Յասմին Վերներ (Գերմանիա), Ասյա Յաղմուրյան (Հայաստան), Նորք Զաքարյան (Եգիպտոս):

2016 թվականի սեպտեմբրի 10-11-ի հանգստյան օրերին Դիլիջանում կանցկացվի բաց միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն ուսումնասիրությունների արդյունքները՝ մատուցման տարբեր ձևերով, այդ թվում` սիմֆոնիկ համերգի, ուտեստների տոնակատարության, ելույթների ու ցուցահանդեսների միջոցով: Տեղի կունենա միջազգային կլոր սեղան, որտեղ կքննարկվի արվեստի և կենցաղային հմտությունների դպրոցի ձևավորման խնդիրն ապագայում:

Դիլիջանի արվեստների աստղադիտարանի արդյունքները կներկայացվեն նաև Եվրոպայի առաջատար գեղարվեստական թանգարաններում՝ Բեռլինի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում՝ 2017 թվականի նոյեմբերին, և Փարիզի Ժորժ Պոմպիդուի արվեստի ու մշակույթի ազգային կենտրոնում՝ 2018 թվականի ամռանը:

IDeA հիմնադրամի հիմնադիր Վերոնիկա Զոնեբենդի խոսքով, Դիլիջանի արվեստների աստղադիտարանը IDeA և Դիլիջանի զարգացման հիմնադրամների հերթական նածագիծն է՝ միտված քաղաքի զարգացմանն ու մշակութային նորացմանը՝ կրթության միջոցով: Նրա խոսքով, Observatory-ի միջոցով Դիլիջանում կկազմակերպվեն ստեղծագործական արհեստանոցներ, դասախոսություններ և միջդիսցիպլինար հետազոտական նախագծեր: «Դիլիջանի արվեստների աստղադիտարանին մասնակցելու նպատակով կհավաքվեն տարբեր ոլորտներում ճանաչված պրոֆեսիոնալներ՝ շատ երկրներից, որ Հայաստանը նրանց առջև բացի դեպի իր բազմադարյա մշակույթ տանող դռները: Ինքս անհամբերությամբ կսպասեմ, թե երբ հասարակության դատին կհանձնվեն միջդիսցիպլինար այս կարևոր հետազոտությունների արդյունքները», - ասել է նա:

Դիլիջանի արվեստների աստղադիտարանի համակարգող Կլիմենտին Դելիսն իր հերթին հայտարարել է, որ ուրախ է, որ մասնակցում է այս նախագծին: «2009 թվականին, երբ առաջին անգամ եկա Հայաստան, որպեսզի հանդիպեմ նկարիչներին ու հասարակական ակտիվիստներին, ինձ հիացրեց նրանց անբեկանելի դիրքորոշումը: Դա չափազանց կարևոր է Dilijan Arts Observatory-ի, ինչպես նաև ողջ Հայաստանի՝ որպես միջազգային մշակութային հարթակի համար», - նշել է նա:

Նրա խոսքով, հիմա նշանավոր այդ նկարիչներից ու գիտնականներից շատերը կժամանեն Հայաստան՝ մասնակցելու այս նախագծին: «Հուսով եմ, որ մեր քննարկումների արդյունքում կծնվեն ոչ մեկ մոդել ու հեռանկարային գաղափարներ, որոնք հնարավոր կլինի կիրառել հետագա զարգացման համար», - ավելացրել է Դելիսը: