Բավ է պառակտվել
29-01-2016 15:03

Ցուկերբերգը մեկ օրում հարստացել է 6 միլիարդ դոլարով

Facebook սոցցանցի և համանուն ընկերության հիմնադիր- ղեկավար Մարկ Ցուկերբերգը մեկ օրում առաջադիմել է երկու հորիզոնականով Bloomberg-ի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկում՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։ 
Նրա կարողությունն ընկերության հաշվետվության հրապարակումից հետո կտրուկ աճել է 6,2 միլիարդ դոլարով: 
Bloomberg-ը գնահատել է Facebook-ի հիմնադրի ակտիվները 47,6 միլիարդ դոլար: Վարկանշային ցանկում Ցուկերբերգն առաջ է անցել Koch Industries-ի համասեփականատերեր Չարլզ և Դևիդ Կոխերից, որոնք ավելի վաղ զբաղեցնում էին վեցերորդ և յոթերորդ հորիզոնականները:
Վարկանշային ցանկի համաձայն՝ Ցուկերբերգից հարուստ է հինգ հոգի՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Inditex-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգան, ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆետը, Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը և ձեռնարկատեր Կարլոս Սլիմը: Տարվա ընթացքում վերջինիս ակտիվների արժեքը, Bloomberg-ի գնահատմամբ, նվազել է 4,5 միլիարդ դոլարով: 
Ցուկերբերգը դարձել է մոլորակի 20 ամենահարուստ մարդկանցից մեկը, ում 2016 թվականին հաջողվել է ավելացնել իր ակտիվների արժեքը: 
Այսօրվա դրությամբ մոլորակի 400 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կազմում է 3,7 տրիլիոն դոլար, 2015 թվականի մայիսին այն 4,3 տրիլիոն դոլար էր։ 
Սոցիալական ցանցը հրապարակել է 2015 թվականի ֆինանսական արդյունքները հունվարի 27-ին: Հաշվետվության համաձայն՝ Facebook-ի շահույթը ողջ տարվա ընթացքում աճել է 25 տոկոսով՝ 2,94 միլիարդից մինչև 3,69 միլիարդ դոլար: Ընկերության եկամուտն ամենաարագն աճել է տարվա վերջին եռամսյակում՝ ավելանալով 52 տոկոսով: Հաշվետվության հրապարակումից հետո Նյու Յորքի ֆոնդային բորսայում Facebook Inc.-ի արժեթղթերի գինն աճել է 14 տոկոսով։