Բավ է պառակտվել
23-02-2016 12:51

Բիլ Գեյթսն Apple-ի հետ վեճում պաշտպանել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը և Հետաքննությունների դաշնային բյուրոյին Սան Բերնարդինոյի ահաբեկիչներից մեկին պատկանող սմարթֆոնը կոտրելու հարցում։
Microsoft-ի հիմնադիրը The Financial Times թերթին տված հարցազրույցում բացասաբար է արձագանքել Apple-ի տնօրեն Թիմ Կուկի պնդմանը, թե իշխանությունների դիմումը բավարարելը մտահոգիչ իրավական նախադեպ կստեղծի։
«Դա կոնկրետ դեպք է, երբ կառավարությունը խնդրում է տեղեկատվության հասանելիության հնարավորություն: Նրանք չեն խնդրում ընկերության ներքին ընդհանուր ինչ-որ տեղեկատվություն, նրանք խնդրում են կոնկրետ դեպքի համար տեղեկատվություն»,- ասել է Գեյթսը։
Նա նաև հավելել է, որ այդ հարցումը ոչ մի կերպ չի տարբերվում հեռախոսային ընկերությանն ուղարկված սովորական հարցումից, երբ հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել զանգերի մասին։
Ընդ որում,  Microsoft-ը պաշտոնապես չի մեկնաբանել այդ հարցը, բայց Reform Government Surveillance ընկերությունների խումբը, որի մեջ մտնում է Microsoft-ը, փետրվարի 17-ին հայտարարություն է տարածել՝ ասելով, որ կազմակերպությունը նույնպես պաշտպանում է իր հաճախորդների տեղեկատվական անվտանգության պաշտպանության վերաբերյալ դիրքորոշումը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պաշտպանել է Apple-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ վեճում։