Բավ է պառակտվել
03-03-2015 10:54

Բիլ Գեյթսը կրկին ճանաչվել է որպես աշխարհի ամենահարուստ մարդը

 

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ միլիարդերների ամենամյա վարկանիշը: Առաջին տեղը ամսագրի ցուցակում կրկին անգամ զբաղեցրել է Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը: Forbes-ի գնահատմամբ նրա կարողություն կազմում է $79,2 միլիարդ: Երկրորդ տեղը, ինչպես և 2014 թվականին, գրավել է հեռուստահաղորդակցման ոլորտի մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը: Նրա կարողությունը կազմում է $77,1 միլիարդ: Երրորդ տեղը զբաղեցնում է ներդրող Ուորեն Բաֆեթը, ում կարողությունը կազմում է $72,7 միլիարդ: Inditex ընկերության (Zara, Massimo Dutti ապրանքանիշներ և այլն) հիմնական սեփականատեր Ամանսիո Օրթեգան երրորդ հորիզոնականից իջել է չորրորդ հորիզոնական: Forbes-ի գնահատմամբ իսպանացու կարողությունը կազմում է $64,5 միլիարդ: Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը դարձել է հինգերորդը ամենահարուստ մարդկանց ցուցակում, և նրա կարողությունը կազմում է $54,3 միլիարդ: Ընդհանուր առմամբ Forbes-ի կողմից կազմած 2015 թվականի ցուցակում ներառվել է 1 հազար 826 մարդ: Ընդհանուր առմամբ նրանց կարողությունը կազմել է $7,05 տրիլիոն, որը $600 միլիարդով ավել է, քան նախորդ տարի: Այս տարվա վարկանիշի մասնակիցների միջին կարողությունը կազմում է $3,86 միլիարդ, որը $60 միլիոն ավելի պակաս է, քան 2014 թվականին: Վարկանիշում ներառվել է 197 կին: Կանանց մեջ առաջատարն է Wal-Mart ընկերության համասեփականատեր Քրիսթի Ուոլթոնը: Ընդհանուր վարկանիշում նա զբաղեցրել է ութերորդ տեղը և նրա կարողությունը կազմում է $41,7 միլիարդ: Վարկանիշի ամենաերիտասարդ անդամն է Snapchat մեսենջերի 24-ամյա համահիմնադիր Էվան Շպիգելը ($1,5 միլիարդ, 1250-րդ տեղը): Վարկանիշի ամենածեր մասնակիցը 99-ամյա Դևիդ Ռոքֆելեր ավագն է, ով զբաղեցրել է 603-րդ հորիզոնականը $3 միլիարդ կարողությամբ: 2015 թվականի վարկանիշում այս տարի ներառվել է 88 ռուսաստանցի, մինչդեռ նախորդ տարի նրանք 111-ն էին: Ռուսաստանցի միլիարդերների ցուցակում առաջատարն է «Ինտերռոս» ընկերության նախագահ Վլադիմիր Պոտանինը, ում կարողությունը, Forbes-ի գնահատմամբ, կազմում է $14,8 միլիարդ (60-րդ հորիզոնական):