Բավ է պառակտվել
03-12-2016 08:47

Աստղագետը պսակազերծել է Բեթլեհեմի աստղի առասպելը

ԱՄՆ-ի Նոթր Դամ համալսարանի տեսական աստղագիտության և տիեզերագիտության պրոֆեսոր Գրանդ Մեթյուսը հերքել է եկեղեցական այն ավանդությունը, որ մոգերին Երուսաղեմ էր բերել աստղը:

Մեթյուսն ուսումնասիրել է պատմական, աստղագիտական եւ աստվածաշնչյան ձեռագրերը՝ Բեթլեհեմի աստղի բնույթը պարզելու համար: Նրա կարծիքով՝ մոգերը Հիսուսի ծննդի մասին իմացել են ծայրահեղ հազվադեպ մոլորակային հավասարեցման շնորհիվ:

Ձեռագրերի համաձայն, որոնց վրա մասնագետը հենվել է, այդ ժամանակ Արեգակը, Յուպիտերը, Լուսինը եւ Սատուրնը եղել են Խոյի համաստեղությունում, իսկ Վեներան՝ Ձկների, Մերկուրին եւ Մարսը՝ Ցլի: Նրա հաշվարկներով՝ նման երեւույթը կրկնվում է միայն 500 հազար տարի հետո:

Բեթլեհեմի աստղը երկնային հանելուկային երեւույթ է, որը Մատթեոսի Կտակարանի համաձայն՝ մոգերն անվանել են «աստղ»: Այն արեւելքում տեսնելով՝ նրանք որոշել են, որ ծնվել է «Հուդայի թագավորը», եւ եկել են Երուսաղեմ՝ նրան երկրպագելու:

Ըստ որում՝ եկեղեցու կարծիքով, Բեթլեհեմի աստղը հրաշք էր, այլ ոչ թե երկնային մարմին: Իր դերը կատարելով՝ այն երկնքից անհետացել է: Տարբեր ժամանակներում գիտնականները վարկած են առաջադրել, որ հրաշալի կանխանշանի հայտնվելու գործում դեր են ունեցել Հալեյի գիսաստղը, Յուպիտերի եւ Սատուրնի, Սատուրնի եւ Մարսի, Յուպիտերի եւ Ռեգուլի տեսողական միացումը, նոր եւ գերնոր աստղերի բռնկումները: