Բավ է պառակտվել
09-05-2017 21:01

Հայ քիմիկոսը արժանացել է Թագավորական քիմիական միության մրցանակի

Պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանը արժանացել է Թագավորական քիմիական միության հեղինակավոր մրցանակի՝ հոմոգեն կատալիզի ոլորտում կատարած գյուտի համար:
Ինչպես հայտնում են մամուլի ծառայությունից, Սյուզաննան աշխատում է հոլանդական համալսարանում, բայց ծնվել և մեծացել է Երևանում:
Նրա աշխատությունը նվիրված է մոլեկուլների սինթեզի նոր մեթոդին, որը լայն կիրառում կգտնի դեղագործության, նուրբ քիմիական և ագրոքիմիական արդյունաբերությունում: Գիտնականը ստացել է £2000 (ֆունտ ստերլինգ), մեդալ և հավաստագիր:
«Լայն կիրառում ունեցող բազմաթի մեթոդներն այդքան էլ արդյունավետ չեն, և արտադրության ընթացքում ավելի մեծ թվով թափոններ են գոյանում, քան անհրաժեշտ արտադրանք: Իմ հետազոտությունը կնպաստի լավագույն դեղորայքի արտադրությանը և շրջակա միջավայրի մաքրության պահպանմանը»,- նշել է Հարությունյանը:
Նրա խոսքերով նոր մեթոդները ոչ միայն թույլ կտան նոր միացություններ ստանալ, այլ նաև ավելի լավ այլընտրանք կդառնան արդեն գոյություն ունեցող մեթոդների համար:
« Ինձ համար մեծ պատիվ է այս ոլորտում աշխատող բազմաթիվ գերազանց գիտնականների մեջ հիշատակված լինելը»,- ասել է Հարությունյանը:
Հոմոգեն կատալիզի ոլորտում մրցանակի են արժանանում իրապես արժեքավոր հետազոտությունները, որոնք գնահատվում են իրենց օրիգինալությամբ, կարևորությամբ և արդյունքների որակով: Մրցանակն ընդգծում է քիմիայում թիմային աշխատանքի կարևորությունը և հաջող համագործակցության ընդունակությունը:
Թագավորական քիմիական միության մրցանակով նշանավորված հիսուն գիտնականներ իրենց գյուտերի համար Նոբելյան մրցանակներ են ստացել: Դրանց թվում են 2016թ. դափնեկիրներ Ժան Պյեր Սովաժը, Ֆրեյզեր Ստոդարտը և Բեն Ֆերինգան:
Թագավորական քիմիական միությունը (Royal Society of Chemistry, RSC) Մեծ Բրիտանիայում գործող գիտական հանրություն է, որի նպատակը քիմիայի զարգացումն է: Կազմակերպությունը զբաղվում է գիտական հետազոտություններով, հրապարակում է ամսագրեր և գրքեր, ստեղծում է տվյալների բազա, անցկացնում է համաժողովներ, սեմինարներ և սիմպոզիումներ, ինչպես նաև իրավունք ունի ընտրելու քիմիայի բնագավառում՝ աչքի ընկնող ձեռքբերումները: