08-08-2016 14:45

Հայրենական արտադրության ապրանքները կհայտնվեն ինտերնետային խանութներում

Այսուհետ «Արտադրված է Հայաստանում» հայրենական արտադրության ապրանքները, որոնք տարբեր պատճառներով չեն հայտնվում սուպերմարկետներում, կհայտնվեն տարբեր ինտերնետային խանութներում: Menu.am-ը, Crossroad օնլայն խանութը և Buy.am-ն իրենց առցանց խանութների կայքերում այսուհետ պատուհան են ունենալու, որն առանձնանալու է` արտադրված է Հայաստանում խորագրով, որպեսզի սպառողն ավելի հեշտ գտնի հայկական արտադրանքը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Փոքր և միջին ձեռներեցության ասոցիացիայի» ղեկավար Հակոբ Ավագյանը:

Ավագյանը բողոքեց, որ հաճախ սուպերմարկետի սեփականատերը կամ իր արտադրած ու ներկրած ապրանքն է վաճառում, կամ խոշոր գործարարներինը: Ուստի փոքր և միջին ձեռներեցները, որոնք զբաղվում են հայկական ապրանքների արտադրությամբ, խոշոր սուպերմարկետներում չեն կարողանում իրենց ապրանքները ներկայացնել, վաճառել:

Հայկական արտադրանքի համար սպառման շուկա գտնելու, այն խթանելու համար առցանց առևտրով զբաղվող երեք տնտեսվարողներ ասոցիացիայի հորդորով միավորվել են` փոքր ու միջին արտադրողին օգնելու:

Այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում նրանք հուշագիր ստորագրեցին: Հակոբ Ավագյանն ասաց, որ այդ ճանապարհով հայկական արտադրության սպառման նոր լուծումներ են գտնում:

Buy.am-ի տնօրեն Զառա Մազմանյանի ներկայացմամբ, իրենց առցանց խանութ օրական 4 հազար այցելու է ունենում և արդեն արտերկիր էլ են ապրանք առաքում: Հայկական արտադրանքն ունի 485 շտրիխ կոդը:

Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանի ներկայացմամբ, իրենց առցանց խանութները կարճ ճանապարհ են` արտադրողից դեպի սպառող և ապրանքները հաճախորդներին հասցվում են ավելի էժան, քան դրանք հասանելի են խանութներում: