Բավ է պառակտվել
21-04-2015 10:52

Ապրիլի 23-24-ին տեղեկատվական անվտանգության դաշտում ռիսկային օրեր են լինելու.փորձագետ

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ապրիլի 23-ին և 24-ին ռիսկային օրեր են լինելու, քանի որ թուրքական և ադրբեջանական կողմերը լծվելու են հայկական կայքերի վրա զանգվածային հարձակումներ կատարելու գործին:
«Այդ օրերին կարելի է սպասել կայքերի վրա զանգվածային հարձակումների: Թիրախային հարձակումներ կարող են լինել լրատվական կայքերի և հատկապես Ցեղասպանության վերաբերյալ կայքերին: Ամեն տարի չէ, որ այդպես է լինում, բայց մի քանի անգամ լուրջ գրոհներ եղել են: Վերջին մի քանի տարում ադրբեջանական հաքերներն են ներգրավվել ցեղասպանության հերքման մեջ ավելի շատ, քան թուրքերը»,-ասաց մասնագետը:
Փորձագետի խոսքով՝ բնականաբար, եթե հայկական կայքերը չեն գործում, ամբողջ ուշադրությունը շեղվում է դեպի թուրքական կայքերը, իսկ այնտեղից էլ, բնականաբար, ապատեղեկատվություն է տարածվում:
«Երբեք Google-ում այդքան շատ չի որոնվել Հայոց ցեղասպանություն եզրույթը, որքան այս երկու շաբաթվա ընթացքում: Այնպես որ, ռիկային օրեր են լինելու ապրիլի 23-ը և 24-ը»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը: