Բավ է պառակտվել
16-04-2016 15:41

Հայաստանը մասնակցելու է ՆԱՍԱ-ի կազմակերպած մրցույթ-մարտահրավերին

Ապրիլի 22-24-ը ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիան (NASA) արդեն հինգերորդ անգամ անցկացնելու է իր միջազգային «Տիեզերական հավելվածների մրցույթը» (NASA Space Apps Challenge 2016): Մրցույթին ամբողջ աշխարհից 200 քաղաք է մասնակցելու. Այս տարի միացել է նաև Հայաստանը՝ որպես պաշտոնական մասնակից:

Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ «X-Tech Creative Studios» ընկերության տնօրեն Արման Աթոյանը տեղեկացրեց, որ մրցույթի տևողությունը 48 ժամ է (Հայաստանում այն կտևի 24 ժամ` ապրիլի 22-23-ը), որի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը մշակելու և տեղական ու միջազգային ժյուրիի գնահատմանն են ներկայացնելու իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները:

Նա տեղեկացրեց, որ Հայաստանից մոտ 30 հոգի արդեն գրանցվել է. «Նրանք 24 ժամ շարունակ ծրագրավորելու են ՆԱՍԱ-ի տրամադրած տվյալների հիման վրա մոբայլ, վիրտուալ իրականության հավելվածներ»,-նշել է Աթոյանը: 

Հայաստանի տեղական մրցույթը տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում Աստղադիտարանի ղեկավարության աջակցության շնորհիվ: Տեղական միջոցառման ընթացքում հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես:
«Հայաստանյան ժյուրին ընտրելու է հայաստանյան հաղթողին, բայց բոլոր ծրագրերն ուղարկվելու են միջազգային ժյուրիին: Ամբողջ աշխարհից հինգ հաղթող թիմ մասնակցելու է Հյուսթոնի կենտրոնում՝ ՆԱՍԱ-ի միջազգային կենտրոնում, հրթիռի թողարկմանը»,- ասաց նա: