Բավ է պառակտվել
31-05-2014 21:12

Ադրբեջանում ՛՛հայկական լրտեսների՛՛ որսը շարունակվում է

Ադրբեջանում շարունակվում է ՛՛հայկական լրտեսների՛՛ որսը: Ըստ haqqin.az-ի, լրագրող Աքփեր Հասանովը, որը Լեյլա Յունուսի գլխավորած Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի խաղաղարարների խմբից էր, հարցաքննվել է Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների վարչությունում:

Հասանովի խոսքով՝ ինքը խոսել է Արիֆ եւ Լեյլա Յունուսների եւ հայկական հատուկ ծառայությունների ու ազդեցիկ շրջանակների ներկայացուցիչների հետ նրանց կապի վերաբերյալ կասկածների մասին. «Ես ասացի, որ Ռ. Միրկադիրովն անմեղ է, ավելի շուտ նրան իր կեղտոտ խաղերի մեջ ներքաշել էր Լեյլա Յունուսը: Ամենայն հավանականությամբ նա այդ հայամետ զույգի զոհն է դարձել»:

Հասանովը քանիցս մասնակցել է ժողովրդական դիվանագիտության տարբեր նախագծերի, որոնք իրականացվել էին Լեյլա Յունուսի գլխավորած Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի շրջանակում, ինչպես նաեւ տարատեսակ միջոցառումների՝ Արիֆ Յունուսի հետ: