Բավ է պառակտվել
23-09-2014 13:03

Ադրբեջանում հայկական ՛՛լրտեսների որսը՛՛ շարունակվում է

Ադրբեջանում հակահայկական հիստերիան եւ լրտեսական արշավը նոր թափ են հավաքել: Այս երկրում ամեն օր «նոր լրտեսներ» են հայտնաբերվում:
«Լրտեսները» բացահայտվել էին Ազգային դեմոկրատիայի ինսիտուտում, İREX ընկերությունում: Այժմ World Vision International-ի հերթն է:
haqqin.az-ում հրապարակված «հետազոտության» արդյունքներով՝ «World Vision International կազմակերպության հովանու ներքո Ադրբեջանում եւս մեկ ճյուղավորված հայամետ ցանց է գործում:
Ինչպես նշում է աղբյուրը, 1950թ. ԱՄՆ-ում հիմնադրված World Vision International-ը ավետարանչական քրիստոնեական եկեղեցու կրոնական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը զբաղվում է հումանիտար օգնության տրամադրման հարցերով: Կազմակերպության տարեկան բյուջեն մոտ 3 մլրդ դոլար է:
«World Vision International-ը Արբեջանում հաստատվել է 90-ական թթ.: Ադրբեջանում վերջինիս ներկայացուցչության ղեկավարը Վրաստանի քաղաքացի Գեորգի Դեւիձեն է: 10 տարվա ընթացքում՝ 2004-2014թթ., ադրբեջանական ներկայացուցչությունը 6 գրանտային համաձայնությունների հիման վրա 1 մլն 800 հազար մանաթ է ստացել: Այդ գումարի առուծի բաժինը տրամադրվել է վերջին 2 տարիների ընթացքում՝ 2012-2014թթ.: Արեւմտյան հիմնադրամների մեծ մասը սկսել են ֆինանսավորել ադրբեջանական իշխանությունների ընդդիմախոսներին հենց նշված ժամանակահատվածում», - գրում է պարբերականը:
«Բացի վերոնշյալ գրանտից, հենց 2011-2012թթ., այսինքն գրեթե մեկ տարվա ընթացքում ներկայացուցչությունը եւս 2 մլն 400 հազար դոլար եւ եւս 140 հազար մանաթ է ստացել: Բավականին տարօրինակ է, որ դոնոր կազմակերպությունների շարքում են ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, , ինչպես նաեւ ВР-Exploration-ը, LTD-ն եւ այլ արեւմտյան կից կառավարչական եւ բիզնես կառույցներ: World Vision International-ի ադրբեջանական ներկայացուցչությունը ուղղակիորեն հաշվետու է Կովկասյան գրասեյակին, որը գտնվում է Թբիլիսիում: Եւ հիմա՝ այս գործի ամենատարօրինակ կողմի մասին. Կովկասյան գրասենյակը գործնականում ամբողջապես բաղկացած է Երեւանյան գրասեյակի աշխատակիցներից: Նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են եւ ապրում են Հայաստանում»,- վրդովվում է պարբերականը, եւ որպես լրտեսական գործունեության «ապացույց»՝ թվարկում աշխատակիցների ազգանունները:
«Բաքվի ներկայացուցչության բոլոր հաշվետվությունները ուղարկվում են Կովկասյան, ավելի ճիշտ Երեւանի գրասենյակ, որտեղ ներկայացվում է մանրամասն, գրեթե գործակալական տեղեկատվություն Ադրբեջանի բնակչության կազմի մասին՝ այդ թվում աղքատ բնակչության սոցիալական ապահովության, շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ, շեշտը դնելով երկրի շրջաններում բնակչության ազգային եւ կրոնական կազմի վրա»,-ասել է աղբյուրը՝ հավելելով, որ այդ նախագծերի շրջանակներում նաեւ ակտիվ աշխատանք է տարվել մահմեդական բնակչությանը քրիստոնյա դարձնելու, Ադրբեջանի աղքատ շրջաններում քրիստոնեական քարոզչության ակտիվացման ուղղությամբ: