Բավ է պառակտվել
13-08-2016 20:00

«Ara Vartanian» զարդերի նոր դարաշրջանը (լուսանկար)

Արա Վարդանյանն իր ապրանքանիշով ոսկերչական խանութներ ունի Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Սան Պաուլոյում, Ռիո դե Ժանեյրոյում, իսկ այժմ նաեւ Լոնդոնում։ Տաղանդավոր նկարիչ եւ մոդելավորող Արա Վարդանյանը ծնվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հայկական ընտանիքում։ Բոստոնի համալսարանում ստանալով տնտեսագիտական կրթություն՝ նա երկար ժամանակ Նյու Յորքի NASDAQ-ում զբաղվում էր թանկարժեք քարերի վաճառքով, որից հետո վերադարձել է Բրազիլիա եւ սկսել նախագծել իր սեփական զարդերը։

«Ara Vartanian» ոսկերչական ապրանքանիշի բոլոր մոդելները բացառապես ձեռագործ են եւ եզակի։ Դրանք իսկապես ունիկալ են, քանզի Արան սիրում է ստեղծել անկանխատեսելի եւ ֆուտուրիստիկ արծաթյա, ոսկյա եւ թանկարժեք քարերից պատրաստված զարդեր։ Վարդանյանն առաջին ոսկերիչն է, ով մշակել է 2-3 մատների համար նախատեսված մատանիներ 11 կարատանոց ադամանդներով։ Նա փորձել է ադամանդները տեղադրել թանկարժեք մետաղներին շրջված տեսքով։ Հենց այդ մոդելներն էլ մեծ հետաքրքրություն են առաջացրել նորաձեւության աշխարհում, իսկ հայտնի մոդել Քեյթ Մոսը բառացիորեն սիրահարվել է հայ ոսկերչի աշխատանքներին։ Իր հայտնիության շնորհիվ էլ նա Վարդանյանին օգնել է հեղինակություն եւ ճանաչվածություն ձեռք բերել ամբողջ աշխարհում։ Արա Վարդանյանի ոսկերչական խանութներում ներկայացված են ոսկյա, արծաթյա, ադամանդներով եւ այլ թանկարժեք քարերով պատրաստված մատանիների, վզնոցների, ականջօղերի, ապարանջանների եւ այլ զարդերի ավելի քան 300 տեսակներ։ Նրա մշտական հաճախորդներից են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, դերասանուհի Շերոն Սթոունը, մոդելներ Նաոմի Քեմբլը, Բլեյք Լավլին, Ջիջի եւ Բելլա Հադիդները, Քեյթ Մոսը, Ժիզել Բունդխենը, երգչուհի Լիվ Թեյլորը եւ այլ աշխարհահռչակ աստղեր։

 

Հայկական ծագմամբ բրազիլացի ոսկերիչ Արա Վարդանյանի Լոնդոնում բացված նոր ցուցասրահը հիշեցնում է ջենթլմենների թանկարժեք սրահ: Այն թույլ լուսավորված է ու կահավորված միջնադարյան կահույքով, որ սրահի ինտերիերի ընտրության հարցում Վարդանյանին օգնել են բրազիլացի դիզայներներ: Նրանց նախագծերով սրահներ են բացվել նաև Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլոյում: Ադամանդե զարդեր ու երկու-երեք մատի վրա տարածվող խոշոր մատանիներ, որոնք առաջին հայացքից ութոտնուկ են հիշեցնում, ինչպես նաև կեռիկների նմանվող ականջողեր՝ այս ամենը Վարդանյանի հեղինակային ստեղծագործություններն են։ Հայ ոսկերիչի ամենահայտնի և թանկ զարդերը կարելի է ասել այսպես կոչված շնաձուկ-մատանիներն են՝ պատրաստված սպիտակ ոսկուց, զարդարված ադամանդներով: