Բավ է պառակտվել
05-08-2016 12:53

«Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016»-ը՝ Արցախի Վերածննդի հրապարակում (լուսանկարներ)

Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում կազմակերպված «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնի շրջանակում ուշ երեկոյան ներկայացվել են դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի ու Վահան Խաչատրյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները, որոնք ուղեկցվել են «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական համույթի կենդանի կատարումներով:


Փառատոնի շրջանակում կազմակերպված ինչպես ցուցահանադես-վաճառքը, այնպես էլ ազգային տարազի և արդի հագուստի ցուցադրությունները մեծ ոգևորությամբ են ընդունվել ինչպես ստեփանակերտցիների, այնպես էլ Արցախի մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների կողմից. Հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարևորելով «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը Արցախի մայրաքաղաքում անցկացնելու որոշումը՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ միջոցառումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների մշակութային համագործակցության հետագա խորացման և ընդլայնման համար:

«Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանն էլ նշել է, որ փառատոնն իսկապես հաջողվել է՝ տարազի տարրերի միջոցով ազգային մշակույթի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելով արցախցիներին ու քաղաքի հյուրերին նվիրելով ազգային ինքնատիպ տոն:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը, որը 2-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի կողմից «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակներում, Երևանի քաղաքապետի ԼՂՀ կատարած պաշտոնական վերջին այցի շրջանակում ձեռք բերված
պայմանավորվածության համաձայն այս անգամ հյուրընկալվել է Ստեփանակերտում:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» երկրորդ փառատոնին իրենց աջակցությունն են ցուցաբերել Ստեփանակերտի քաղաքապետարանը, ինչպես նաև ԼՂՀ էկոնոմիկայի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունները: