02-06-2014 18:35

Ղարաբաղը Մաքսային միություն չի մտնելու. Գ. Սահակյան

Լեռնային Ղարաբաղը չի մտնելու Մաքսային միություն, որովհետեւ իրավական տեսակետից Լեռնային Ղարաբաղը աշխարհի կողմից ընդունված պետություն չի: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:

Դիտարկմանը, որ նախկինում ՀՀԿ-ի ներկայացուցիչները բազմիցս նշել են, թե Ղարաբաղն ու Հայաստանը մեկ տնտեսական տարածք են լինելու, Գալուստ Սահակյանը նշել է. ՛՛Որպես Հայաստանի մաքսային տարածք, բնականաբար, Ղարաբաղը նույն կարգավիճակով կլինի, ինչ որ այսօրվա գործառույթներն են: Այսինքն այն պատկերը, որ Ղարաբաղում մաքսակետ կլինի և այլն, և այլն, նման խնդիրների չի կարող լինել՛՛:

Հարցին, թե նշանակում է արդյոք իր ասածը, որ ԼՂ-ն դե ֆակտո կմտնի Մաքսային միություն, իսկ դե յուրե` ոչ, Սահակյանը պատասխանել է. ՛՛Իհարկե: Նրա ամբողջ ապրանքաշրջանառությունը, ներդրումները, բոլորն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում կլինեն՛՛: