02-08-2014 10:10

Վրաստանը Թուրքիայից անհամաչափ տնտեսական կախվածության մեջ է. ՛՛Առավոտ՛՛

՛՛Առավոտ՛՛ թերթը զրուցել է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանի հետ, ով հանգամանքների բերումով հինգ տարով բնակության է մեկնել Թբիլիսի, այդ քաղաքում է ապրում արդեն ավելի քան չորս ամիս։ Ներկայացնում ենք մի հատված ծավալուն հոդվածից.

«Որպես առավել կարևորագույն հարց Արսեն Խառատյանը շեշտեց Վրաստանի անհամաչափ տնտեսական կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից, և այդ իրավիճակում, ըստ փորձագետի, հայ-վրացական հարաբերություններով որևէ լարվածություն կամ լարվածության խորացում առավել քան անհեռատես և ոչ ձեռնտու կլինի և՛ վրացահայերի, և՛ Հայաստանի Հանրապետության համար. «Սա իմ կարծիքն է: Ուզում եմ մի օրինակ բերել: Երբ քննարկվում էր աբխազական երկաթուղու վերաբացման հարցը, որի մասին Իվանիշվիլին Երևանում խոսեց, մեկ էլ հանկարծ այստեղ սկսեցին մի քանի հատ «Սոքար»-ներ փակվել: («Սոքարը» նավթային ընկերություն է, որը Վրաստանում բենզալցակայանների ցանց ունի), ապա Ադրբեջանը սահմանեց 2004 թվից շուտ արտադրված ավտոմեքենաների ներմուծման հարկ, իսկ Վրաստանի ՀՆԱ-ի 25%-ը Ադրբեջանին վաճառվող մեքենաներից է կազմվում... Չգիտեմ՝ այդ բոլորն իրար որքանով էին շաղկապված, բայց ակնհայտ է մի բան՝ Ադրբեջանի տնտեսական ազդեցությունը Վրաստանի վրա այն մասշտաբների է հասնում, որ այդ երկիրը Վրաստանի վրա լծակներ ունի:

Այդ տեսանկյունից կարծում եմ, որ հայ-վրացական հարաբերությունների հարցում ճիշտը ոչ թե թեթև լարվածությանը տրվել, լարվածությունը խորացնելն է, այլ հայ-վրացական ջերմ հարաբերությունների ավանդույթի վրա հենվելը: Այո, կան խնդիրներ, շատ կան, ոչ ոք չի հերքում, բայց ինչո՞ւ չհիշել դրականը, չկենտրոնանալ դրականի վրա»,–գրում է թերթը։