12-09-2016 12:23

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2016–ի առաջին եռամսյակում աճել է 90 տոկոսով

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2016–ի առաջին եռամսյակում աճել է 90 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ՊԵԿ Մաքսային ծառայության տվյալները։ Եթե առաջին կիսամյակում արտահանումը կազմել է 89.9 մլն դոլար, ապա 2016-ի առաջին կիսամյակում՝ արդեն 171 մլն դոլար։

Ընդ որում, աճել է ինչպես միրգ–բանջարեղենի, այնպես էլ մյուս, այդ թվում՝ արդյունաբերական եւ տեխնոլոգիական ապրանքների արտահանումը։

Մասնավորապես աճել է կոնյակի արտահանման ծավալը՝ 29.9 մլն դոլարից հասնելով 60.8 մլն դոլարի եւ երեսակած ալմաստի՝ 1.6 մլն դոլարից հասնելով 9.85 մլն դոլարի։ Աճել է լոլիկի արտահանումը՝ 1.0 մլն դոլարից հասնելով 19.7 մլն դոլարի, արհեստական լճակների թառափի խավիարի արտահանումը՝ 117 հազարից հասնելով 545 հազար դոլարի։

Էապես մեծացել են հագուստի արտահանման ծավալները, որոնք սկսել են կարել ռուսական պատվերով։ Այսպես՝ տղամարդու ոչ ձմեռային արտահագուստի արտահանումն աճել է՝ 4.12 մլն դոլարից հասնելով 9.58 մլն դոլարի, կանացի հագուստի արտահանումը 210 հազար դոլարից հասել է 4.7 մլն դոլարի, իսկ սվիտերների արտահանումը զրոյից հասել է 3.9 մլն դոլարի։ Աճել է նաեւ պայուսակների եւ կաշվե իրերի արտահանումը՝ 110 հազար դոլարից հասնելով 2 մլն դոլարի։

Տեխնոլոգիական ապրանքների արտահանումը նույնպես աճել է, թեպետ ավելի փոքր ծավալով։ Այսպես՝ գոլորշու կաթսաների արտահանումը զրոյից հասել է 390 հազար դոլարի, օդորակման սարքերի արտահանման ծավալը զրոյից հասել է 885 հազար դոլարի, արդյունաբերական տաքացուցիչների արտահանումը՝ 0-ից 415 հազար դոլարի, տատանացույցերի (օսցիլոսկոպ) արտահանումը 156 հազար դոլարից հասել է 564 հազար դոլարի։

Նշենք, որ Ռուսաստան արտահանման աճը ոչ միայն վերականգնվել է 2015-ի դժվարություններից հետո, այլ նաեւ գերազանցել է 2014-ի առաջին կիսամյակի ծավալները։ Այն ժամանակ արտահանումը կազմել է 134 մլն դոլար, իսկ 2016-ի առաջին կիսամյակում՝ 171 մլն դոլար։