03-12-2016 16:46

Վարչապետը՝ գեղարքունիքցիներին. Ինչո՞ւ ձեր դուխը չի հերիքում մտնել դրա տակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքապետերի, ֆերմերների և գործարարների հետ՝ նշելով, որ ակնկալում է անկեղծ և գործնական քննարկում:
«Եկել ենք բավականին ներկայացուցչական կազմով, որպեսզի խոսենք Գեղարքունիքի մարզի զարգացման մասին: Ի՞նչ պետք է անենք, ո՞նց պետք է անենք, որպեսզի կյանքը մարզում լավանա, ժողովուրդը բավարարված լինի և հասկանա, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»,-ասել է վարչապետը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անդրադառնալով ձկնաբուծության ոլորտին՝ վարչապետը նշել է՝ չնայած այն հանագամանքին, որ կան ձկնաբուծարանը պետական կառավարման թողնելու առաջարկներ՝ պատրաստ է դիտարկել նաև պետություն-մասնավոր համագործակցության հարցը, միաժամանակ հետաքրքրվելով, թե մարզում կա՞ն արդյոք գործարարներ, ովքեր ցանկանում են պետության հետ գործակցել, սրտացավ կերպով կառավարումն իրականացնել:
«Ինչո՞ւ եք թերահավատ, որ կարող եք անել, ֆանտաստիկ տաղանդավոր ժողովուրդ եք, ամբողջ աշխարհում բիզնես եք անում, ձեր հող ու ջրի վրա ինչո՞ւ չեք կարողանում անել, ինչո՞ւ ձեր դուխը չի հերիքում մտնել դրա տակ. ուզում եմ թասիբի գցել: Եկեք այդ առաջարկը պատրաստեք»,- նշել է վարչապետը և գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել Գեղարքունիքի մարզից ձկնաբուծության առաջարկը ստանալու դեպքում քննարկել հարցը:

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, անդրադառնալով Սևանա լճում ձկնաբուծության զարգացմանը, նշել է, որ արդեն իսկ սկսել է գործել ձկնաբուծարանն ու վերամշակման արտադրամասը, իսկ ընթացիկ տարում լիճ է բաց թողնվել 1 մլն ձկնկիթ:
Մարզպետը վստահեցրել է, որ ձկան պաշարների ավելացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի արդյունքում ոչ միայն կապահովվի Հայաստանի ողջ պահանջարկը, այլև կարտահանվի: