Բավ է պառակտվել
14-03-2014 13:31

Կենցաղային տեխնիկա վաճառող ՛՛Վեստա՛՛ ընկերությունը տուգանվեց 15 մլն դրամով

Այսօր,Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեստա» ընկերության հանդեպ կիրառեց տուգանք՝ 15 մլն. դրամի չափով:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ այս կամ այն հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսանալու մասին հայտարարությունները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Հատկապես կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում ընկերությունները գովազդում են, որ իրենք հանդիսանում են որևէ հայտնի բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է,որ նման հայտարարությունները հաճախ անհիմն են: ՏՄՊՊՀ դիտակետում է հայտնվել «Վեստա» խանութը: Վերջինս գովազդում է, որ հանդիսանում է «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Մասթըրքուք», «Զելմեր», «Արդո», «Ֆուջիթսու», «Ֆիշեր», «Ֆագոր» և այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

ՏՄՊՊՀ-ը պահանջել է ներկայացնել վերոնշյալը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: «Վեստա» խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ» ընկերությունը Հանձնաժողովին է ներկայացրել միայն մի քանի ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ: Սակայն ուսումնասիրությունից պարզվել է, որ այս սերտիֆիկատները կարող են վկայել միայն գործընկեր կազմակերպությունների միջև առկա որոշակի առևտրային հարաբերությունների մասին, սակայն չեն կարող հաստատել «պաշտոնական ներկայացուցիչ» լինելու հանգամանքը:

Նման կերպ «Վեստա» խանութը դրսևորել է անբարեխիղճ մրցակցություն, քանի որ մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը լինելու հանգամանքը այս դեպքում դիտվում է որպես հասարակության մոլորեցում: