05-09-2014 13:25

Վարորդները սկսել են ավելի շատ բողքել արագաչափերի տուգանքների չափերի դեմ


Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշանների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը մարզային իրազեկման ավտոերթերն սկսում է Գեղարքունիքի մարզից: Նախաձեռնության անդամները սեպտեմբերի 7-ին Երեւանի Ավան վարչական շրջանից կշարժվեն դեպի Սեւան: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը տեղեկացրեց, որ ավելի շատ վարորդներ են սկսել բողոքարկել տեսախցիկների ֆիքսած խախտումների համար ստացած տույժերը եւ կոչ արեց լուռ չվճարել տույժը, եթե նրանք վստահ են, որ խախտում չեն արել։

Ըստ Հակոբյանի՝ նախորդ տարվա համեմատ, այս տարի ավելի բարձր է ավտովթարների և վիրավորների թիվը:

Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշանների դեմ պայքարող քաղաքացիները պահանջում են մինչեւ հուլիս ամիսն արձանագրված տուգանքների համաներում, որպեսզի վարորդները կարողանան «դուրս գալ փակուղուց»:

«Արդեն երկուսուկես տարի նրանք բարձր տուգանքներով մտել են մեր գրպանը եւ շատ մարդիկ փակուղում մեջ են, չեն կարողանում վճարել այդ տուգանքները, դրա համար անհրաժեշտ է համաներում»,- ասաց նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը: