Բավ է պառակտվել
19-02-2014 16:50

Վարդան Այվազյանը մերժեց ՛՛Նաիրիտի՛՛ հարցերով հանձնաժողովի ստեղծման առաջարկը

Այսօր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՅԴ-ական պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի և Արմեն Ռուստամյանի ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:

Այս նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը որակեց որպես քաղաքական շահարկում և առաջարկեց նախագիծը հետաձգել, քանի որ բանակցություններ են ընթանում «Նաիրիտը» վաճառելու շուրջ և հանձնաժողովի ստեղծումը կարող է խանգարել ընթացքին։

Նա նշեց, որ ավելորդ քաղաքական շահարկումների խնդրից հարկավոր է դուրս գալ: ՛՛Կծախեն՝ կծախեն, չէ՝ չէ։ Այն, որ պատասխանատվություն պիտի կրեն, այստեղ երկու ձեռքով կողմ եմ, այդ թվում, եթե ես պիտի պատասխան տամ, կամ դուք պիտի տաք, դրան էլ եմ համաձայն՛՛,- հավելեց Ակվազյանը:

Նա դիմելով Արծվիկ Մինասյանին հարցրեց. «Իմ ասածի վրա չե՞ք կասկածում չէ՞» և երբ դրական արձագանք ստացավ շարունակեց. «Դե որ չեք կասկածում, եկեք հանենք։ Որ օրը բանակցությունները կվերջանան, մի զանգ կանես, կասես՝ պարոն Այվազյան, խնդրում եմ մտցրա քառօրյա, ու ես երկրորդ օրը կմտցնեմ քառօրյա: Այսքանի մոտ ասում եմ»։

Արծվիկ Մինասյանը պնդեց, թե այս հարցերով աշխատակիցները հետաքրքրված են ու բողոքի ակցիաներ են անում։ «Հավատացնում եմ, որ սրանից ավելի մեծ ինֆորմացիա ունեն գնորդները, որոնք բանակցությունների մեջ են: Հիմա ասում եք՝ չքննարկենք, որ գնորդները հուշտ չլինեն, բայց դա տրամաբանական չէ, որովհետև իրենք ավելի մեծ ինֆորմացիա ունեն»,- նշեց ՀՅԴ պատգամավորը և առաջարկեց հարցը մտցնել օրակարգ, բայց քննարկել աշնանը:

Այս առաջարկին էլ Վարդան Այվազյանը հավանության չտվեց՝ նշելով, թե այդ ժամանակ էլ իրենք ամեն քառօրյայի ժամանակ կհարցնեն, թե ինչո՞ւ օրակարգ չի մտնում: