Բավ է պառակտվել
27-10-2014 13:15

ՀՀ-ն գտնվում է Ռուսաստան-Արևմուտք հակամարտության պայմաններում.ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանում կայացած «Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով համաժողովին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տնտեսական խնդիրներին, ասաց, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4% և եթե մինչև տարեվերջ կարողանան պահպանել այս ցուցանիշը, ապա դա կլինի ձեռքբերում: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս տարածաշրջանային և աշխարհում ընթացող բոլոր պրոցեսների մեջ տնտեսությունը կայուն զարգացում ապրի, բայց բոլորդ գիտեք, որ մենք գտնվում ենք Ռուսաստան-Արևմուտք հակամարտության պայմաններում, ինչը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա»,-ասաց նա: Հարցին, թե Ռուսաստանի տնտեսական ոչ բարենպաստ վիճակը ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, վարչապետը պատասխանեց. «Ինչքան այդ սանկցիաները երկար տևեն, այնքան շատ»: Անդրադառնալով հոկտեմբերի 24-ին խորհրդարանական եռյակի կողմից հրավիրված հանրահավաքին, ապա վարչապետն ասաց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր կարծիքը հայտնել: «Ես հանրահավաքներին վերաբերում եմ նորմալ, որոնք որ անցկացվում են օրենքի շրջանակում»,-ասաց նա: