31-01-2014 20:44

ՀՀ վարչապետն, այսօր ստացել է կենսաչափական անձնագիր

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն՝ ծանոթանալու ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքներին և անցնելով բոլոր ընթացակարգերը` ստացել կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ, այս մասին տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Տիգրան Սարգսյանն այցելել է մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության պետռեգիստրի, վիզաների, անձնագրային և ելքի փաստաթղթերի ձևակերպման բաժիններ, զրուցել աշխատակիցների և վարչություն այցելած քաղաքացիներ հետ, ովքեր իրենց գոհունակություն են հայտնել մատուցվող ծառայությունների որակից:

Ոլորտի պատասխանատուները վարչապետին զեկուցել են այս բնագավառում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Նշվել է, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում էապես բարձրացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի են հասցվել կոռուպցիոն ռիսկերը և փաստաթղթերի ձևակերպման համար ծախսվող ժամանակը:

Գնահատելով վարչությունում իրականացված աշխատանքները՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ինձ համար չափազանց կարևոր էր տեսնել, թե ինչպես են սպասարկում սովորական քաղաքացուն: Այդ առումով, կարող ենք արձանագրել, որ վերջին հինգ տարիների ընթացքում սա մեր պետության լրջագույն ձեռքբերումներից մեկն է: Եվ ոլորտում ներդրած այս ստանդարտը պետք է տարածենք նաև այլ բնագավառներում, որտեղ պետությունը շփվում է քաղաքացու հետ»: