Բավ է պառակտվել
18-02-2014 14:24

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Ավան և Դավթաշեն վարչական շրջանները: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արաբկիր, իսկ երրորդը՝ Էրեբունի վարչական շրջանը: 2013թ. ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը: ՙՄայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով՝ մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք երևանցիներին: Մեր համաքաղաքացիների սպասելիքներն, անշուշտ, ավելի մեծ են, և մենք իրավունք չունենք նրանց հուսախաբ անելու: Իսկ համեմատաբար վատ ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին կհորդորեմ վերանայել իրենց աշխատակազմերի աշխատանքն ու խստորեն հետևել ըստ ոլորտների իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը՚,- ընդգծել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ վերոնշյալ գնահատումից բացի, վարչական շրջաններ կատարած պարբերական աշխատանքային այցերի շրջանակում է անձամբ հնարավորություն ունենում հենց տեղում տեսնելու և գնահատելու արվածն ու, ըստ այդմ, հանձնարարել է առավել հետևողական լինել տարեկան ծրագրերով նախանշված աշխատանքների սահմանված ժամանակացույցով և որակով կատարման ապահովմանը: