Բավ է պառակտվել
27-02-2015 11:27

Կոնյակի արտահանման 25-27% անկում կա. Գինեգործների միության նախագահ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշեց, որ Գինու և կոնյակի առումով հերթական ճգնաժամն է, նման ճգնաժամեր եղել են 1998, 2008-2009 թվականներին և հիմա՝ 2014 թվականի վերջին և 2015 թվականի սկզբին: «2013 թվականը գինու համար շատ տպավորիչ էր, ունեցանք արտահանման աճ, թեև կոնյակի առումով արտահանումը մոտավորապես 5%-ով նվազեց»,-ասաց նա և նշեց, որ ներմուծման առումով էական փոփոխություններ չեն եղել:
Նա նշեց, որ 2014 թվականի կոնյակի արտահանման անկումը բացատրվում էր նոյեմբերից սկսած ռուսական ռուբլու արժեզրկման տենդեցով, որը գնալով խորացավ և 2015 թվականի հունվարին լավատեսական հիմք չկա:
Գինեգործների միության նախագահը նշեց, որ թեև պաշտոնական տվյալներով չի հայտարարվում, սակայն ըստ իրենց ներքին աղբյուրների՝ կոնյակի արտահանման ծավալների 25-27% անկում կա: «Ռուսական շուկան չունի ներմուծելու համար վճարելու ռեսուրս, ռուսական շուկան, ցավոք, սկսում է նահանջել և հեղեղվում է ցածրարժեք խմիչքներով»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանը այդ կտրվածքով մրցունակ չէ: Նա նաև նկատեց, որ ռուսական շուկայում նկատվում է կեղծ խմիչքների մասսայական հոսք և մտավախություն ունի, որ Հայաստանը ևս կարող է խմիչքի որակի առումով իր տասը տարվա ձեռքբերումը կորցնել:
Ավագ Հարությունյանը շեշտեց, որ սա ԵՏՄ անդամակցության հետ կապ չունի, և Ռուսաստանը միշտ է եղել հայկական գինու, կոնյակի արտահանման հիմնական երկիր: 2013 թվականին ռուսական շուկայում հայկական կոնյակն ու գինին կազմել են շուկայի համապատասխանաբար 90 և 80%-ը: Նա նշեց, որ գինու 3%-ը մենք արտահանում ենք Եվրոպա, իսկ 1,5%-ը՝ ԱՄՆ: