Բավ է պառակտվել
17-06-2016 16:47

Այս տարի առատ բերք է սպասվում. նախարար


Այս տարի պտուղբանջարեղենի առատ բերք է սպասվում, ուստի վերամշակող ընկերությունները պետք է միջոցներ ձեռնարկեն մթերման աշխատանքները սահուն եւ ժամանակին կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, պտուղբանջարեղեն արտահանող եւ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախից  հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցերը եւ մթերման աշխատանքների կազմակերպման խնդիրները:

«Ընթացիկ գյուղատնտեսական տարին ընդհանուր առմամբ կարելի է բարեհաջող համարել», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը միաժամանակ շեշտել է, որ այս տարի շնորհիվ ցանքատարածությունների ավելացման առատ բերք է սպասվում հատկապես լոլիկի մասով:

Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը` նախարարը հորդորել է արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչներին առավել ակտիվ քայլեր ձեռնարկել արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ:

Ընդգծելով, որ վերամշակող ճյուղը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային եւ կարեւորագույն ճյուղերից մեկն է` նախարարը նաեւ հորդորել է ընկերություններին մթերման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ակտիվորեն համագործակցել գյուղացիական տնտեսությունների հետ, նախապես պայմանագրեր կնքել, ինչը հնարավորություն կտա մթերման գործընթացն անցկացնել առավել կազմակերպված, առանց խոչընդոտների եւ վճարումները կատարել առանց ուշացումների:

Խորհրդակցության ընթացքում նախարարը ծանոթացավ ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին եւ պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել հնչեցրած խնդիրները: