Բավ է պառակտվել
29-03-2016 18:18

ԵՏՄ-ում միասնական արժույթին անցնելու հարցը չի քննարկվում. Վաչե Գաբրիելյան

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթին անցնելու հարցը չի քննարկվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Վերջինս հավաստիացրեց՝ այս պահին միասնական արժույթին անցնելու համար քայլեր չեն ձեռնարկվում։ «Կա քաղաքականությունների կոորդինացման քննարկում, բայց ոչ ազգային միասնական արժույթ ստեղծելու հարց, կրկնում եմ՝ հարցը չի քննարկվում»,- նշեց փոխվարչապետը։ Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել էր միասնական արժույթով վճարել ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների դիմաց, Վաչե Գաբրիելյանը մասնավորեցրեց, թե վարչապետը չի դիմել ընդհանուր արժույթ կիրառելու համար, նա բարձրացրել է հարց, որ ստրատեգիական նշանակության ապրանքների դիմաց վճարումներ կատարվեն ազգային արժույթներով՝ մասնավորապես ռուբլով։ Այս առնչությամբ, ըստ Գաբրիելյանի, դեռևս տարվում են նախնական քննարկումները։ Հարցին՝ ինչո՞ւ առաջընթաց չկա, նախարարը պատասխանեց․ «Ընթացքում է․․․»։ Երբ լրագրողները հիշեցրին, որ առաջարկը կես տարի առաջ է արվել, Գաբրիելյանը պատասխանեց․ «Նման շարժ ԵՄ-ում տեղի է ունեցել տասնամյակների ընթացքում, այնպես որ կես տարին երկար չէ»։