Բավ է պառակտվել
20-10-2017 15:02

ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի շինարարության ժամանակ կիրառվելու է նոր, հեղափոխական տեխնոլոգիա. Նախարար

Հայաստանը չի հրաժարվի նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից, այս մասին ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Նախարարի խոսքերով, տվյալ պահին դիտարկվում է փոքր մոդուլային ռեակտորի շինարարության հնարավորությունը, ինչը նոր հեղափոխական տեխնոլոգիա է հանդիսանում ատոմային էներգետիկայի ոլորտում:
Նա ընդգծել է, որ մոդուլային համակարգերը արդեն գտնվում են արդյունաբերական թեստավորման փուլում և մինչ 2020թ. նախատեսվում է ներկայացնել առաջին արդյունքները:
«50 ՄՎտ հզորությամբ մոդուլային ռեակտորը դա առանձին, փակ համակարգ է, որն իրենից ներկայացնում է փոքր, փակ ԱԷԿ: Այն կարելի է տեղակայել ցանկացած վայրում, իսկ ենթակառուցվածքների շինարարության ծախսերը բավական ցածր են, քանի որ այն ինքնաբավ է և դրա գործունեության համար բավական է միացնել այն էներգահամակարգին»,- ասել է Մանուկյանը:
Նախարարի խոսքերով, դա նշանակում է, որ աշխարհը, ընդհանուր առմամբ, կարող է վերանայել ԱԷԿ-ի սկզբունքը, քանի որ փոքր ռեակտորի առավելությունը կայանում է նրանում, որ դրանում պարզապես բացակայում են ինչպես սեյսմիկ, այնպես էլ էկոլոգիական ռիսկերը:
« Այդ տեխնոլոգիայով մենք կարող ենք կառուցել ցանկացած հզորության կայան՝ հզորացնելով այն 50 ՄՎտ-անոց բլոկերով: Դա կնշանակի ԱԷԿ-ի շինարարության համար արվող ներդրումային ծախսերի զգալի կրճատում: Մենք նաև ունենում ենք փոքր ԱԷԿ-ի կառուցման հնարավորություն՝ հետագայում այն ընդլայնելու պոտենցյալով»,- նշել է Մանուկյանը:
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանում ԱԷԿ-ի պարտադիր կառուցման վերաբերյալ որոշումը բնավ չի քննարկվում, ողջ հարցը կայանում է հզորության և կիրառվող տեխնոլոգիաների մեջ:
Նախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն արդեն երկու անգամ է որոշում կայացրել ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման վերաբերյալ, առաջին անգամ՝ 1000 ՄՎտ հզորությամբ, երկրորդ անգամ՝ 600 ՄՎտ:
« Սակայն, դրանից հետո աշխարհն ու տեխնոլոգիաները զարգանում են սարսափազդու արագությամբ, և մենք չպետք է հետ մնանք տեխնոլոգիաներից, կամ էլ մնանք նախկինում կայացրած որոշումների պատանդը: Այս հարցի պատասխանը մենք կտանք մոտակա երկու տարվա ընթացքում, որովհետև այդ ժամանակ կներկայացվի ՀՀ գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետների վերաբերյալ վերջնական, գիտականորեն հիմնավորված և ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների կողմից ներկայացված եզրակացությունը, ինչպես նաև երկու տարիների ընթացքում կլինեն փոքր մոդուլային բլոկների աշխատանքի արդյունքները, ինչն էլ թույլ կտա վերջնական որոշում կայացնել»,- ասել է Մանուկյանը:
Հայկական ԱԷԿ-ը, որը միակն է տարածաշրջանում, գտնվում է Երևանից 30 կմ հեռավորության վրա: Այն շահագործման է հանձնվել 1980թ. և դադարեցրել գործունեությունը 1989թ. մարտ ամսին: ԱԷԿ-ը կրկին անգամ գործարկվել է 1995թ.՝ հանրապետությունում առկա սուր էներգետիկ ճգնաժամի հետ կապված: Տվյալ պահին գործում է միայն երկրորդ բլոկը, որի հզորությունը 407,5 ՄՎտ է:
Հայաստանը մտադիր է կառուցել 600 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ, որի շինարարությունը նախատեսվում է սկսել 2018-2019թթ.: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5 մլրդ դոլար: Ավելի վաղ ՌԴ-ն հայտարարել էր դրա շինարարության ծախսերի մի մասն իր վրա վերցնելու մասին: Մնացած ծախսերը նախատեսվում է ծածկել այլ երկրներից ներգրավվող ֆինանսական միջոցներով: