Բավ է պառակտվել
30-09-2015 12:49

Հստակեցվել է արտահանման ենթակա ապրանքատեսակների ցանկը

Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հստակեցվել է ՌԴ արտահանման ենթակա ապրանքատեսակների ցանկը: Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 29-ին հանդիպեց ԵՏՄ անդամ մի պետությունից ԵՏՄ անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում եւ (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների եւ անձանց ՀՀ ռեեստրում (այսուհետ՝ ԵՏՄ ռեեստրում) գրանցված մսամթերք արտադրող տնտեսավարողների հետ՝ քննարկելու ընկերությունների արտադրած մսամթերքը ՌԴ շուկա արտահանելու նոր հնարավորությունը եւ գործընթացը ճիշտ կազմակերպելու եւ արտահանումն անխափան իրականացնելու համար պարզաբանումներ տալու նպատակով: ՍԱՊԾ ղեկավարը տնտեսավարողներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ ընդգծելով, որ մսամթերքի արտահանման սահուն ընթացքն ապահովելու համար մինչեւ սահմանին հասնելն է պետք համագործակցել Ծառայության մասնագետների հետ, անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն ստանալ փաստաթղթերի ձեւակերման, սերտիֆիկացման գործընթացի եւ այլ հարցերի վերաբերյալ: Այս նպատակով Ծառայությունում կգործի մասնագիտական խումբ՝ տնտեսավարողներին օգնելու եւ հարցերին արագ արձագանքելու համար: Քննարկման ընթացքում կարեւորվեց արտադրանքի անվտանգության ու որակի հարցը՝ որպես կարեւոր նախապայման, ինչպես նաեւ առաջարկվեց ակտիվացնել աշխատանքները Հայաստանի մսամթերք արտադրողների միության շրջանակներում եւ, միավորելով ջանքերը, լավագույնս ներկայացնել հայկական ապրանքանիշը ռուսական շուկայում: Տնտեսավարողները ողջունեցին արտահանվող մսամթերքի ցանկը ընդլայնելու ուղղությամբ վերջին տարում Ծառայության գործադրած ջանքերը, որի արդյունքում հնարավոր է դարձել ավելի շատ արտադրատեսակներ իրացնել ռուսական շուկայում: Հանդիպման ընթացքում Ծառայության ներկայացուցիչները պատասխանեցին տնտեսավարողներին հուզող բոլոր հարցերին, հստակեցրին արտահանման ենթակա ապրանքատեսակների ցանկը: