Բավ է պառակտվել
02-07-2015 15:59

ՌԴ-ից վերցվող վարկը Հրանտ Բագրատյանը համարում է դաժան միջոցառում

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվեց վարկի այն ձևակերպումից, որ եթե վարկը դառնում է ժամկետանց, 3%-ը դառնում է 4,5%:  
«Չեմ կարող ասել, թե պարտքերի մեծ մասնագետ եմ, բայց այնուամենայնիվ ֆինանսիստ եմ և գտնում եմ, որ սա դաժան միջոցառում է, տնտեսական դաժան գործողության հստակ տարրեր պարունակող»,-ասաց պատգամավորը: 
Բագրատյանը նկատեց, թե չի առարկում, որ որոշ զինատեսակներ իսկապես անհրաժեշտ են, և որոնք ավելի վաղ մատակարարվել են Ադրբեջանին: «Զինատեսակներ կան, որոնց արտադրությունը նոր սկսվելու է, բայց պարտքի տոկոսը հաշվվում է արդեն, սա ինչպե՞ս է քննարկվել ու ինչո՞ւ է հավանություն ստացել այս լուծումը»,-հարցրեց նա:  Արա Նազարյանը պատասխանեց . «Ես էլ պարտքերի մասնագետ չեմ, բայց կարծում եմ՝ այն ստանդարտ պայմանագիր է՝ բանկային համակարգերի վարկերի տրամադրման առումով ստանդարտ, այստեղ որևէ սարսափելի բան չկա»,-ասաց նա: «Զինատեսակների առումով՝ ընդունենք մատակարարվել են, հիմա չունենա՞նք դրանցից»,-ասաց նա, ապա խոսելով ռիսկերի մասին՝ նկատեց, որ Ֆինանսների նախարարությունն իր դրական կարծիքը տվել է, ինչը ենթադրում է, որ համապատասխան հաշվարկներ են արվել ու որևէ վնասի հարց չկա: 

«Անզեն աչքով էլ նկատելի էր, որ վնաս չենք կրելու»,-եզրափակեց փոխնախարարը: