Բավ է պառակտվել
12-03-2014 11:04

50 տոկոս զեղչ՝ Արմավիրի կարկտահարությունից տուժած գյուղերի ուսանողների համար


Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ ուսանողները կօգտվեն ուսման վարձերի 50% զեղչի հնարավորությունից: Այս մասին հայտնում են Երևանի Պետական Համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակում Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ 83 ուսանողների ուսման վարձերը զեղչվել են 50%-ով, որն ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 10 մլն դրամ: Այս կիսամյակում ևս ծրագիրը շարունակական բնույթ է կրում, որի շրջանակներում վերոնշյալ ուսանողները կրկին կարող են օգտվել ընձեռված հնարավորությունից և ստանալ ուսման վարձի զեղչեր:

Ըստ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանի՝ 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակում այս խնդրով իրենց են դիմել և 50% զեղչի հնարավորություն են ստացել 60 ուսանողներ:

«Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ ուսանողների ուսման վարձերի զեղչերի ընդհանուր գումարը այս ուստարում կազմում է մոտ 20 մլն դրամ»,- ասել է Վահագն Վարագյանն ու հավելել, որ բացի այդ ուսանողներից` զեղչերից կարող են օգտվել նաև սոցիալապես անապահով ուսանողները, ընտանիքում երկու և ավելի ուսանող ունեցող համալսարանականներն ու սահմանամերձ լեռնային բարձրադիր գոտիներում բնակվող ուսանողները:

Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանն էլ ասել է, որ Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ուսանողները ցանկացած պարագայում կօգտվեն զեղչի հնարավորությունից՝ անկախ այն հանգամանքից, թե որքան է ուսանողի միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կամ ունի արդյոք նախորդ կիսամյակում լուծարքներ: