18-08-2015 18:09

Ինչու՞ է ԱՄՆ–ն ներդրումներ կատարում Հայաստանի էներգետիկ ոլորտում, որտեղ գրեթե ամեն ինչ պատկանում է Ռուսաստանին

Ամերիկյան «Contour Global» ընկերությունը և Հայաստանի Հանրապետությունն ավարտել են «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ի առքուվաճառքի գործընթացը: Համաձայն պայմանագրի, «Contour Global»-ը առաջիկա 6 տարիների ընթացքում ՀԷԿ-ի վերանորոգման և արդիականացման նպատակով կներդնի մոտ 50 մլն եվրո, ինչպես նաև կստեղծի 150 ժամանակավոր և նույնքան մշտական աշխատատեղ:
«Contour Global» ընկերության գլխավոր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը գործարքի ավարտի առնչությամբ չի տաքցրել իր գոհունակությունն ու շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ամերիկյան ընկերությանը վստահելու համար:
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր հերթին նշել է հայկական կողմի գոհունակությունը Contour Global-ի հետ գործարքի կայացման հարցում, որն ունի էներգետիկ օբյեկտների փորձառու սեփականատիրոջ և օպերատորի մեծ համբավ:
Որոտանի ՀԷԿ-ի գործարքն ամենախոշորն է հայ-ամերիկյան հարաբերությունների ողջ պատմության ընթացքում: Հայաստանի հարավում գտնվող ձեռնարկությունը էներգետիկ համակարգի կարևորագույն բաղադրիչն է և արտադրում է ամենացածր սակագնով էլեկտրաէներգիան Հայաստանում:
ՀԷԿ-ի վաճառքը հատուկ կարևորություն է ձեռք բերում մոտ ապագայում ակնկալվող Մեծամորի ատոմակայանի (2003-ից կառավարվում է ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ-ի կողմից – խմբ.) աշխատանքների դադարեցման համատեքստում: Ենթադրվում է, որ էլեկտրաէներգիայի խոշոր արտադրողի` Մեծամոր ատոմակայանի, վերանորոգման աշխատանքները կտևեն երեք տարի: Այս պայմաններում «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կդառնա երկրում էլեկտրաէներգիա արտադրող ամենախոշոր ձեռնարկությունը և, հետևաբար, Հայաստանի էներգետիկ ոլորտի առավել կարևոր հանգույցը` մեկ այլ մենաշնորհի` «Հայկական էլեկտրացանցեր» -ի (ընկերության ակցիաների 100%-ը պատկանում է ռուսաստանյան ԻՆՏԵՐ ՌԱՕ ընկերությանը – խմբ.) հետ մեկտեղ: Ընկերությունը մենաշնորհային դիրքեր ունի Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում:
ՌԻՍԻ-ի տնտեսական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Նիկուլինը RUSARMINFO-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ ամերիկյան ընկերության Հայաստան գալը պատահական չէ: Փորձագետը կարծում է, որ եթե ամերիկյան ընկերությունը գնել է ՀԷԿ-ը, ապա հետաքրքրված է դրա շահագործմամբ և այս ոլորտում «ռուսաստանյան ընկերության հետ մրցակցությունը հնարավոր չի լինի շրջանցել»:
Տնտեսագետը նաև չի բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հնարավորությունը ամերիկացիների նախաձեռնությամբ, ինչն, ելնելով արդեն իսկ ստեղծված իրավիճակից, մահացու կլինի «Հայկական էլեկտրացանցեր»-ի համար:
«Եթե այդ կայանի սեփականատեր ընկերությունը որոշի, որ արտադրության ինքնարժեքը բարձրացել է, ապա այն կարող է բարձրացնել սակագները: Ամերիկյան ընկերությունը Որոտանի կասկադ ՀԷԿ-ի լիիրավ սեփականատերն է և կարող է միանձնյա ընդունել որոշումներ` ելնելով սեփական շահերից», – կարծում է փորձագետը:
Contour Global-ի գլխամասը տեղակայված է Նյու Յորքում, ընկերության ակտիվները կազմված են 3,5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 33 կայանից`կենտրոնացված 17 երկրներում: Դրանց թվում է նաև Հայաստանի հարավում` Որոտան գետի վրա կառուցված Որոտանի կասկադ ՀԷԿ-ը, որը բաղկացած է Տաթևի, Շամբի և Սպանդարյանի ՀԷԿ-երից: Կասկադի ընդհանուր հզորությունը 400 ՄՎտ է, իսկ էլեկտրաէներգիայի արտադրողականությունը տարեկան կտրվածքով կազմում է 1,16 մլրդ կՎտ/Ժ: Հայաստանյան ակտիվը ձեռք է բերվել Contour Global-ի կողմից 180 մլն դոլարով: