Բավ է պառակտվել
19-02-2015 12:04

Կուտակային բաղադրիչի մասնակիցներին վերադարձվում է պարտադիր վճարների մի մասը

Կուտակային բաղադրիչի մասնակիցներին վերադարձվում է 2014թ. հունվար-հունիս ամիսներին կատարված պարտադիր կուտակային վճարների այն մասը, որոնք չեն համադրվել հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների հետ և չեն փոխանցվել մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին: Այս մասին տեղեկացնում են ԿՀԻԿ հիմնադրամի մամուլի ծառայությունից: Գումարների վերադարձը մասնակիցներին կատարվում է գործատուների միջոցով, որոնք այս օրերին ծանուցումներ են ստանում հարկային տեսչություններից` չմարված կամ մասնակի վճարված կուտակային վճարների պարտավորությունների վերահաշվարկման և զրոյացման արդյունքում գրանցված գերավճարների վերաբերյալ: Գործատուները պետք է համապատասխան հարկային տեսչություն ներկայացնեն այդ գերավճարների վերադարձի դիմում, ինչից հետո կկատարվի գումարների վերադարձը ֆիզիկական անձանց: ՀՀ ֆինանսների նախարարի 2014թ. հոկտեմբերի 24-ի N733-Ն հրամանով սահմանվել է 2014թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված կուտակային վճարների վերահաշվարկման կարգը: Ընդ որում` վերահաշվարկման ենթակա են միայն այն վճարները, որոնք վերը նշված կարգի 1-ին կետի համաձայն մարված չեն, այսինքն` պահվել են մասնակիցների աշխատավարձերից, փոխանցվել են գանձապետական կամուրջ հաշվին, սակայն ճշտված հաշվարկների ներկայացման և կուտակային վճարների մասնակի վճարման արդյունքում չեն փոխանցվել մասնակիցների ռեեստրը վարողին` ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիա մասնակիցների անհատական հաշիվներին: Հրամանով սահմանված կարգով` այդ գումարների մասին ծանուցում է ուղարկվում բոլոր այն գործատուներին, որոնց կուտակային վճարների պարտավորությունների մարման արդյունքում գրանցվել են այդպիսի գերավճարներ: Գործատուները, ինչպես տեղեկացվում է ծանուցման մեջ, պետք է ներկայանան տարածքային հարկային տեսչություն և ներկայացնեն կուտակային վճարի գերավճարի վերադարձի մասին դիմում: Գործատուի կողմից հիշյալ դիմումը հարկային մարմին ներկայացնելու օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, գերավճարը փոխանցվում է գործատուի ներկայացրած բանկային հաշվեհամարին (բացառությամբ գերավճարի գումարը հիմնավոր չհամարվելու դեպքերի): Դրանից հետո գործատուն մասնակիցներից պահված գումարները պարտավոր է համապատասխանաբար վերադարձնել ֆիզիկական անձանց` կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Հիշյալ ծանուցումների և դրանցից բխող գործողությունների վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել 114 անվճար թեժ գծին: