Բավ է պառակտվել
19-09-2013 17:40

«Բարև Երևան» խմբակցության հայտարարությունը տրանսպորտի գնի վերաբերյալ

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը սեպտեմբերի 18-ին քաղաքապետի ստորագրությամբ առաջարկություն է ստացել մասնակցելու Երևանի քաղաքապետի՝ 2013 թվականի
հուլիսի 25-ի թիվ 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու և Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման,
ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի
աշխատանքներին: Նամակում ասված է նաև, որ առաջարկն ընդունելու դեպքում մինչև ս.թ. սեպտեմբերի 19-ը պետք է հայտնել թեկնածուի տվյալները: Հարցը քննարկվեց ս.թ. սեպտեմբերի
18-ին կայացած խմբակցության նիստում և որոշվեց, որ խմբակցությունը չի մասնակցի վերոնշյալ որոշումների կատարումն ապահովելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին,
որովհետև. 1. Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը բարձրացնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ են և կայացվել են մի շարք օրենքերի խախտումով և
կիրառությամբ ու մեկնաբանությամբ, իսկ հիմքում դրված փաստաթղթերը պարունակում են կեղծիք, 2. քաղաքապետի վերոնշյալ առաջարկ-նամակում ոչինչ ասված չէ այն մասին, թե որոնք
են հանձնաժողով ստեղծելու իրավական հիմքերն ու այն կարգը, որով պետք է աշխատի հանձնաժողովը, և ինչպես ուղեվարձի թանկացման որոշումներն են փորձում օրինականացնել
հետին թվով, այնպես էլ՝ հանձնաժողովի ստեղծումը, 3. Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրը նպատակահար է քննարկել Երևան քաղաքում ՏԻՄ բարձրագույն մարմնի՝
ավագանու մակարդակով՝ ստեղծելով ժամանակավոր հանձնաժողով: Հիշեցնենք, որ «Բարև Երևան» խմբակցությունը Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 3722-Ա և
3723-Ա որոշումները վիճարկելու խնդրով դիմել է ՀՀ վարչական դատարան, ընդ որում, թիվ 3722-Ա որոշումը՝ առ ոչինչ, իսկ թիվ 3723-Ա որոշումը՝անվավեր ճանաչելու պահանջով: