29-09-2014 14:30

Հանգիստ պըտի նստեն իրանց տեղը. ՀՀԿ-ական գործարար պատգամավորների հորդորն առևտրականներին

Այսօր, ԱԺ_ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր և ՛՛Հրազդան՛՛ տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, նույն ինքը՝ ՛՛Բուռնաշը՛՛, անդրադարձավ առևտրականների բողոքին: Ըստ նրա, այսօր ստնեղած են ու բողոքի ալիք են բարձրացրել, ոչ թե առևտրականներն, այլ լրագրողներն ու ընդդիմությունը:
«Մարդկանց բողոքը լսվել է, մենք գիտենք էդ բողոքն ինչի մասին է եւ փորձում ենք լուծել: Իսկ դուք ժամանակից շուտ ինչի՞ եք ուզում գրգռեք, մարդուն հանեք ոտի, չգիտեմ ինչ անեք: Այսինքն՝ դուք ժուռնալիստներով էնքան խելոք եք, իրանց կողմից եք, մենք էլ դեմ ենք հա՞ էդ ամեն ինչին՛՛, նշեց ՀՀԿ-ական գործարար պատգամավորը:
Դիտարկմանը, որ ժողովուրդն առանց լրագրողների գրելու էլ ոտքի է կանգնել, նա պատասխանեց. «Առանց այն էլ ոտքի է ելել, որովհետեւ սխալ ճանապարհ ա գնում: Մենք իրանց բացատրում ենք, որ չի կարելի ընկնել ընդդիմության խելքի հետեւից: Ընդդիմությունն էսօր ուզենա, ամբողջ ժողովրդին կհանի ոտի, ինչ ա ինքը նորից գա իշխանության, նորից թալանի ու վերջ»:
Հարցին, թե մարդիկ բարձր հարկերից են բողոքում, ի՞նչ կապ ունի ընդդիմությունը, Աշոտ Աղաբաբյանն արձագանքեց. «Ընդդիմությունն է փողոց հանում մարդկանց, որը չի կարելի: Հանգիստ պըտի նստեն իրանց տեղը, մինչեւ էս խնդրի լուծումը տան»: