Բավ է պառակտվել
19-03-2014 14:03

Հայաստանում թոշակառուները սովի են մատնված, բայց նախարարը համոզված է, որ աղքատությունը հաղթահարված է

Այսօր, ՀՀ Կառավարության նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մի հայտարարություն է արել, որը շատերի մոտ կարող է ծիծաղ հարուցել: Նախ նշենք, որ Հայաստանում հացից սկսած, վերջացրած ջրով՝ ամեն բան թանկացել է,ինչպես ժողովուրդն է ասում, շարունակում է լուցկին էժան մնալ, իսկ ահա տրանսպորտի գինն էլ ՛՛օդից է կախված՛՛: Անգամ խոսակցություններ կան, որ, ըստ ինչ-ինչ հաշվարկների, տրանսպորտի ուղեվարձը պիտի ոչ թե 150 այլ 250 դրամ լինի... Այս ամենի ֆոնին բարձրանում է նաև թոշակը: Մոտավորապես էսպես է, հինգ անգամ թանկանում են ապրանքները, երկու անգամով բարձրանում է թոշակը... Մարդիկ խուճապահար են, բողոքի ակցիաները համատարած բնույթ են կրում, մարդիկ պայքարի այլ միջոց չեն տեսնում, քան Ուկրաինայի դեպքերի կրկնությունը: Իսկ ահա նախարարը կանգնում ու հայտարարում է, թե Կենսաթոշակների թիրախավորված բարձրացումը էականորեն նվազեցրեց կենսաթոշակառուների շրջանում աղքատության մակարդակը:

«Մինչև 2014-ի հունվարի 1-ը մենք ունեինք 68 հազար կենսաթոշակառու, որոնք ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, նրանց թիվն այսօր կազմում են 12 հազար 800, այսինքն՝ շուրջ 5 անգամ պակասել է ծայրահեղ աղքատության գծից ներքև գտնվող կենսաթոշակառուների թիվը: Եթե նախորդ տարի աղքատության ստորին գծից ցածր գտնվող կենսաթոշակառուների թիվը 230 հազար էր, ապա այս տարի նրանց թիվը կազմում է 138 հազար 300 անձ, այսինքն՝ 40%-ի չափով նվազում ունենք, իսկ 333 հազար թոշակառու գտնվում էին աղքատության վերին շեմից ցածր մակարդակում, այսօր նրանց թիվը կազմում է 290 հազար»,-հայտարարել է նախարարը: Նախարարը շատ ուրախալի լուր է հայտնել. հաջորդ տարի կենսաթոշակների բարձրացումը կրկին թիրախավորված է լինելու, քանի որ դրանք նպաստում են աղքատության նվազմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ հասկանալի է այն, որ այդ բարձրացումները դեռևս շոշափելի չեն, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի աննախադեպ ցուրտ ձմեռ էր, և քաղաքացիները ստիպված են եղել ավելի շատ էլեկտրաէներգիա ու գազ ծախսել, քան նախորդ տարի: «Հիմնականում այս թոշակների բարձրացումները ուղղվելու են այդ ծախսերին, բայց դրանք շոշափելի փոփոխություններ են, ու այս ռազմավարությունը մենք պետք է շարունակենք՝ դիտարկելով դրանք որպես աղքատության կրճատման արդյունավետ գործիք»,- ասել է նա Հիշեցնենք, որ ՀՀ-ում 2014-ից կենսաթոշակները բարձրացվել են շուրջ 15%-ով: