Բավ է պառակտվել
25-10-2014 10:52

Հայաստանը՝ տնտեսական նոր ճգնաժամի շեմին

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՌԴ դեմ պատժամիջոցների շրջանակում ԱՄՆ-ն արաբական երկրների հետ միասին կտրուկ իջեցրել է նավթի գները, ինչը ուղղակի հարված է ռուսական տնտեսությանը։ Նկատենք, որ ռուսական տնտեսության մեջ տեղի ունեցող վայրիվերումներն իրենց ուղղակի ազդեցությունն են ունենում նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը «ՉԻ» հետ զրույցում հարցին, թե ՀՀ տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենա նավթի գների անկման պատճառով ռուսական տնտեսության վատթարացումը, նշեց. «Հիմա Ռուսաստանն ինքն է դժվարանում գնահատականներ տալ։ Կոնկրետ Հայաստանի համար քանակական գնահատական տալը գրեթե անհնարին է։ Մենք կարող ենք ընդամենը սահմանափակվել նրանով, որ ասենք՝ բացասական հետեւանք է ունենալու: Բայց կոնկրետ ասել, որ այսքան եկամտային մասի վրա կազդի եւ այլն, շատ դժվար է: Իսկ տնտեսական աճի առումով ի՞նչ հետեւանքներ կունենա այդ ամենը: ի վերջո, կառավարությունը 2015 թ. պետբյուջեի նախագծում այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը 4.1 տոկոսից իջեցրել է 3.3 տոկոսի: Մակրոտնտեսական գնահատականները երբ տալիս են, կոնկրետ ժամանակամիջոցի մեջ են: Եւ եթե շատ մեծ շեղումներ չեն լինում, դրանք մնում են: Հիմա 4.1 տոկոս աճը, որ 3.3 է գրված, բյուջեի կազմման պրոցեսում, մեր գնահատականն էր՝ կապված եւ ներքին, եւ արտաքին պրոցեսների հետ: Եթե լինեն անկանխատեսելի, կտրուկ շեղումներ, ցուցանիշները կվերանայվեն:

Հիմա կտրուկ շեղումներ սպասո՞ւմ եք, թե ոչ:

Կոնկրետ հիմա, եթե նավթի գները շարունակեն շատ իջնել, բացասական հետեւանքներ կունենա: Վստահաբար կարելի է ասել, որ բացասական ազդեցություն կունենա այդ ամենը: Բայց թե ինչ չափով այդ շեղումները կլինեն ՌԴ-ում, ինչ ազդեցություն կունենան Հայաստանի համար՝ անհնար է ասել: Չկան գործիքներ, որոնցով հնարավոր լինի քանակապես որոշել չափը»: