Բավ է պառակտվել
25-06-2014 12:17

Վերջին տարիներին ապաշնորհ կառավարում է տեղի ունեցել.տնտեսագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով Որոտանի վաճառքի շուրջ ստեղծված իրավիճակին, նշեց, որ պետք է առաջնորդվենք մի բանով` որն է երկրի, ժողովրդի շահը: «Մնացածը ես չեմ ընդունում` ռուսներին են վաճառել, ամերիկացիներին են վաճառել, էականը իմ երկրի շահն է»,-ասաց նա: Ըստ նրա՝ Որոտան ԳԷՍ-ում արտադրվող էլեկտրաէներգիան չափազանց ցածր արժեք ունի և դա հրամցվում է ուրիշներին: Խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից, բանախոսը նշեց, թե այդպես շարունակվելու է հետագայում ևս` ամեն տարի սակագնի թանկացում կունենանք. «Մինչև հանրապետությունն ամբողջությամբ դատարկվի»:

Ասուլիսին ներկա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ հայտարարեց, որ իր համար շատ մտահոգիչ է այսօրվա տնտեսության վիճակը. որպես կանոն մենք մի ծայրահեղությունից մյուսն ենք անցնում` կամ պետք է պետական լինել, կամ մասնավոր:

«Որոտանի հարցում ես կառաջարկեի, որ այն բաժնետիրական ընկերություն լիներ և բաժնետոմսերը վաճառվեին հանրությանը: Մենք ինքներս մեզ կախվածության մեջ ենք դնում արտաքին ներդրողներից. սթափվեք, ուշքի եկեք, խոսքս ուղղում եմ կառավարությանը, խթանեք ներքինը»,- նշեց բանախոսը` ընդգծելով, որ վերջին տարիներին ապաշնորհ կառավարում է տեղի ունեցել: