05-07-2014 10:12

Թբիլիսիում անցկացվում է ՛՛Արևելյան գործընկերության տարածքային ամբողջականություն՛՛ միջազգային կոնֆերանսը

Թբիլիսիում անցկացվում է «Արևելյան գործընկերության տարածքային ամբողջականություն» միջազգային կոնֆերանսը, որին Վրաստանի կողմից մասնակցում է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Թենգիզ Շերգելաշվիլին:

Новости-Грузия-ն հայտնում է` Վրաստանի ենթակառուցվածքային գերատեսչությանը հղումով, միջոցառման կազմակերպիչն է Արևելյան գործընկերության երկրների տարածքային համագործակցության ծրագիրը (ԱԳՏՀԾ), որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:

Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն ԱԳՏՀԾ առաջնային խնդիրները, նպատակները, ինստիտուցիոնալ հիմքերը և կառավարման մեխանիզմները: Միջոցառմանը մասնակցում են 6 երկրի կենտրոնական և տարածաշրջանային ղեկավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և անկախ փորձագետներ:

Կոնֆերանսը յուրօրինակ հնարավորություն է ընձեռում կապերը և համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև՝ սահմանամերձ շրջանների տարածքային զարգացման համար ժամանակակից ուղիներ փնտրելու և համապատասխան խնդիրները լուծելու համար:

Համատեղ օպերացիոն ծրագիրը ռազմավարական փաստաթուղթ է, որը կազմել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների և Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունները` ԱԳՏՀԾ Աջակցման ծրագրի օգնությամբ: Արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կապահովի համագործակցության ծրագրի պաշտոնավարման ընդլայնումը: