21-02-2014 18:14

Մեզ սպասարկվող գազը ռուսականի և իրանականի խառնուրդ է

Այսօր, հրավիրված ասուլիսին, էներգետիկ Էմիլ Սահակյանը, ՛՛Հասարակական պաշտպաններ՛՛ միության տնօրեն Արամ Գրիգորյանը և հասարակական գործիչ Սիլվա Ադամյանը նշեցին, որ ՛՛ՀայՌուսգազարդը՛՛ ոչ թե օդ կամ ազոտ խառնելով ցածրացնում է գազի կալորիականությունը, այլ իրանական գազը անկազմակերպ ձևով խառնում է ռուսական՝ ավելի բարձ կալորիականություն ունեցող գազին և արդյունքում գազի կալորիականությունը տատանվում է, իսկ սալօջախը չի կարողանում այդ տատանումների արդյունքով լիարժեք ջերմատվություն ապահովել։

Էմիլ Սահակյանը հավելեց, որ ՀՀ-ում խախտված է գազի մատակարարումը թույլատրվելի պայմաններից և այրման համակարգը բոլորվին աչքաթող է արված, Բացի այդ Հայաստան ներմուծվում է երկու տեսակի գազ, Ռուսաստանի գազի ջերմարագությունը 8500 կկալից ավելի է, իսկ իրանական գազինը՝ 8000 –ից ցածր է։

՛՛ՀայՌուսագազարդը՛՛ խառնում է այս երկու գազը նույն խողովակի մեջ և ուղարկում սպառողին, իսկ նման խառնուրդի դեպքում սալօջախը չգիտի, թե գազը իրանակա՞ն է, ռուսակա՞ն, թե՝ խառնուրդ:

Էմիլ Սահակյանը նշեց, որ ռուսական և իրանական գազի տարբերությունը կալորիականությունն է, եթե կալորիականությունը ցածր է լինում, ավելի քիչ օդ է պետք, իսկ եթե խողովակն ավելի լայն է՝ օդը ավելին կլինի և ջերմությունը կնվազի:

Իսկ Արամ Գրիգորյանը հավելեց, որ նշված նորմը, թե ջերմարագությունը 7600 կկալից բարձր պետք է լինի՝ բացարձակ անգրագիտություն է և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ստորագրելուց առաջ պայմանագիրը պետք է հարցներ, թե սա ինչ նորմ է սահմանվել։

՛՛ Կառավարության առաջարկը հանձնաժողով ստեղծելու և կալորիականությունը ստուգելու համար բացարձակ անմտություն է, քանի որ կալորիականությունը, բնականաբար, 7600-ից պակաս չի կարող լինել և հետո էլ, հայտնի բան է, որ եթե հարցն ուզում են փակել, ուրեմն պետք է հանձնաժողով ստեղծեն՛՛:

Իսկ Սիլվա Ադամյանը համոզված է, որ մենք չգիտենք գումարը ինչի համար ենք տալիս։ Գրված է սպասարկման համար, տարին երկու անգամ մտնում են մեր տները ու ոչինչ չեն անում, իսկ մնացած բոլոր խնդիրների դեպքում արդեն վճարովի է. ՛՛Պարո՛ն Նազարյան, որ գնում եք ստորագրում, բա չե՞ք հարցնում, ի՞նչ սպասարկման մասին է խոսքը՛՛,-նշեց Ադամյանը:

Ըստ Սիլվա Ադամյանի, հնարավոր է, որ գազի խոնավությունը բարձ լինի, եթե պահուստային գազ է և հորերից է հանվում, իսկ ձմռանը հիմնականում հորերից է հանվում և խոնավությունն ավելի բարձր է: