15-03-2014 15:59

«Սպառողները պետք է ստանան սպառողական կայուն գիտելիքներ, իսկ մենք դա չունենք». Մ, Հակոբյան

Այսօր աշխարհում նշվում է որպես սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օր (World Consumer Rights Day), որն ընդունված է նշել 1961թ. Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի ելույթի օրը: Նախագահի խոսքում ձևակերպված էր սպառողի չորս հիմնական իրավունք՝ անվտանգության, տեղեկատվության, ընտրության և լսված լինելու: Ավելի ուշ դրանց ավելացել է ևս չորսը՝ վնասի հատուցման, սպառողական կրթության, հիմնարար կարիքների և առողջ շրջակա միջավայրի իրավունքները:
Թեման այսօր լրագրողական լսրանի հետ քննարկեց
«Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» նախագահ Մելիտա Հակոբյան: Ըստ նրա, ժամանակն է ուշադրություն դարձնել նաև hեռահաղորդակցության ոլորտին, ուստի այս տարվա կարգախոսն է` «Ամրագրեք ձեր հեռախոսային իրավունքները»:
Տիկին Հակոբյանն անդրադառնալով Հայաստանում սպառողների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, նշեց, որ դրանք բազմաթիվ են, սակայն դրանց լուծման խոչընդոտներից է մարդկանց սպառողական գիտելիքների պակասը: «Սպառողական կազմակերպությունները և կառավարությունը համատեղ մշակել էին հայեցակարգ, սական դա մնաց օդում, հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ դա լինի: Բացի այդ` խոստանում եմ, որ այս տարի սպառողները որևէ հեռուստաընկերությամբ կունենան հեռուստաժամ»,- ասաց նա` հավելելով, որ սպառողները պետք է ստանան սպառողական կայուն գիտելիքներ, իսկ մենք դա չունենք:
Մելիտա Հակոբյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր մարդ` փոքր տարիքից սկսած պետք է իմանա իր իրավունքների մասին, որպեսզի օրինակ` ամեն պատահական բուտկաներից, արագ սննդի օբյեկտներից օգտվելուց առաջ` իմանան, թե ինչպես պետք է դրանցից օգտվեն, արդյոք պետք է օգտվել, և դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: