06-09-2014 11:16

Հայաստանում սկսվել է խաղողի մթերումը

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը եւ Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանն այսօր Երեւանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում մասնակցել են խաղողի մթերման մեկնարկին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե գործարանի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի նախատեսվում է մթերել 37 000 տոննա խաղող, ինչը շուրջ 2000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Գործարանն այս տարի մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանել է 150 դրամ Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերի համար եւ 140 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 145 եւ 135 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:

«Այս տարի խաղողի բերքը որակյալ է, ավելացել են նաեւ բերքի ծավալները : Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 241 000 տոննա խաղող, մենք համոզված ենք, որ այս տարի կգերազանցի նախորդ տարվա մակարդակը: Անցյալ տարի մթերվել է 167 000 տոննա խաղող, այս տարի մթերող ընկերությունների պահանջարկն ավելին է եւ կազմում է մոտավորապես 200 000 տոննա: Երեւանի կոնյակի գործարանի փորձը պետք է մյուս ընկերությունները եւս որդեգրեն , անցնեն երկարատեւ պայմանագրերի կնքմանը եւ օժանդակեն գյուղացիական տնտեսություններին», -ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը հավելել է նաեւ, որ սեպտեմբերի 8-ից մյուս գործարանները եւս մթերումներ կիրականացնեն, իսկ սեպտեմբերի 10-ից բոլոր գործարաններում կսկսվի խաղողի մթերումները: Որոշ մթերողներ պատրաստակամություն են հայտնել ընդունել անսահմանափակ քանակությամբ խաղող:

Սերգո Կարապետյանը լիահույս է, որ մթերումը սահուն կընթանա եւ մինչեւ վերջին կիլոգրամ խաղողը կմթերվի: