20-03-2014 11:18

Շվեյցարիան դադարեցրել է բանակցությունները ՄՄ-ի հետ

Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Յոհան Շնայդեր Ամանին հայտարարել է, որ Շվեյցարիան սառեցրել է ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները Մաքսային միության հետ:
«Մենք որոշել ենք սառեցնել բանակցությունները, և տեղեկացրել ենք այդ մասին ռուսներին»,- հայտնել է նախարարը։ Նա նշել է, որ Շվեյցարիայի կառավարության ընդունած որոշումը կապված է Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Հիշեցնեք, որ 2013թ. դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ՄՄ ներկայացուցիչներն ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ են վարում Նոր Զելանդիայի և Եվրոպայի այն երկրների հետ, որոնք ներառված չեն ԵՄ կազմում (այդ թվում նաև Շվեյցարիայի)։
Նախարարի խոսքով՝ բանակցությունները կարող են վերսկսվել «իրավիճակի կայունացումից» հետո։ Խոսելով Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին՝ նախարարը պատասխանել է, որ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն անպայման կքննարկի այդ հարցն առաջիկա շաբաթների ընթացքում։