08-07-2014 17:17

Շվեյցարիայի բանկերը սպառնացել են սառեցնել ամերիկյան հաշիվները

Շվեյցարիայի մի քանի բանկեր սպառնացել են սառեցնել ամերիկացիների հաշիվները, մինչեւ նրանք չապացուցեն, որ իրենց հայրենիքում բարեխղճորեն վճարում կամ պատրաստվում են վճարել հարկերը:

Շվեյցարական բանկերը, որոնք մասնակցում են ԱՄՆ հատուկ ծրագրին, պարտավոր են մինչեւ հուլիսի վերջ տեղեկատվություն տրամադրել ամերիկացի հաճախորդների մասին, իսկ մինչեւ 2015 թվականի սեպտեմբեր ցույց տալ, որ ամերիկացիներն ինքնուրույն կամ բանկի ճնշմամբ հայտարարագրել են իրենց հաշիվները: Եթե ամերիկացիների չհայտարարագրված հաշիվներ բացահայտվեն, բանկը կտուգանվի:
Պարբերականը չի հստակեցնում, թե կոնկրետ որ բանկերի մասին է խոսքը: Նշվում է, սակայն, որ ԱՄՆ արդարադատության նախարարության ծրագրին մասնակցում են Շվեյցարիայի ավելի քան 100 ֆինանսական կառույցներ: Ընդհանուր առմամբ, երկրի բանկային համակարգը շուրջ 300 բանկ է ներառում:

Շվեյցարական բանկերի գործողությունների շուրջ իրավաբանները տարակարծիք են: Ոմանք նշում են, որ բանկերն օրենք են խախտում՝ հաճախորդներին ստիպելով անել այն, ինչը նրանք պարտավոր չեն անել ըստ պայմանագրի: Ոմանք էլ մատնանշում են, որ բանկերը կարող են իրենց իրավացիությունը պաշտպանել դատարանում, եթե հաճախորդը պայմանագիր կնքելիս սխալ անձնական տեղեկատվություն է տրամադրել: