Բավ է պառակտվել
16-07-2015 13:39

Ի տարբերություն ԵՏՄ-ի՝ Մետաքսի ճանապարհն առաջարկում է նոր ինտեգրում. տնտեսագետ

Շատերն այսօր այն կարծիքին են, որ ԵՏՄ-ն պատ է, որը պետք է դեմ առնի Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտուն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: «Ռուսների մտավախությունները Չինաստանից եկող մարտահրավերն են: ՌԴ-ին մտահոգում է նաև այն, որ Չինաստանի դերը բարձրանում և հարաբերություններն ավելի են լավանում միջազգային առևտրական կառույցների հետ»,-ասաց տնտեսագետը: Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտին ցանկանում է ստեղծել բարենպաստ պայմաններ առևտրի համար, վերացնել արգելքները, առևտուրը իրականացնել ազգային արժույթներով, հանրային դիվանագիտությունը ակտիվացնել, որի շնորհիվ էլ կբարձրացվի վստահությունը Չինաստանի նկատմամբ: «Չինաստանը ցանկանում է այս նախաձեռնությունը ներառել Խաղաղօվկիանոսյան երկրների առևտրային գոտու մեջ»,-հայտարարեց նա: Ա. Եղիազարյանը նկատեց, որ Կենտրոնական Ասիայի երկրների համար նախընտրելի է չինական նախագիծը, որը նրանց առաջարկում է գործընկերություն, հետո նոր ինտեգրում, իսկ ԵՏՄ-ն հենց սկզբից ինտեգրում է առաջարկում. «Տարածաշրջանի երկրները ավելի շատ հակված են ընտրելու չինական նախագիծը, որի հետևանքով էլ ՌԴ դերը տարածաշրջանում կթուլանա»: Տնտեսագետը նաև նշեց, որ ՌԴ-ն կփորձի միասնական ԵՏՄ օրակարգ ձևավորել և դրանով Հայաստանի հնարավորությունները կսահմանափակվեն: Անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթգծի իրագործմանը՝ նա նշեց, որ այս առումով դժվար է ակնկալել Չինաստանի օգնությունը: