Բավ է պառակտվել
27-06-2015 18:48

Մինչև աուդիտի ավարտը կառավարությունը կփոխհատուցի 6,93 դրամը

«Էլեկրաէներգիայի սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը»,-հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ անցկացված խորհրդակցության ընթացում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում և շատ կարևոր խնդիր: Դա լուծել է պետք: Իսկ եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով: Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար»,-Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը: «Ես խորապես համոզված եմ, որ սակագնի բարձրացումն արդարացված է: Նաև համոզված եմ, որ եթե սակագինը չբարձրացնենք, ապա էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի: Ի վերջո, մեր բնակչության ավելի տարիքով հատվածը երբեք չի մոռանա 1988 թվականին ատոմակայանի փակման հետևանքները. այն ժամանակ էլ գրեթե բոլորը ոգևորված էին այդ չակերտավոր չարիքից ազատվելու հարցում, բայց հետո պարզվեց, որ իրական չարիքը հենց ատոմակայանը փակելն էր, ինչը մինչև այսօր իր բացասական ազդեցությունն է թողնում: Նույնը Նաիրիտի հետ կապված. փակելով այն, դուրս դնելով բնականոն զարգացման ցիկլից` հասանք մի իրականության, երբ պետությունը մինչև այսօր ստիպված ու պարտադրված է հավելյալ գումարներ ծախսել այս ուղղությամբ: Կարող եմ բերել տասնյակ այսպիսի օրինակներ: Սակագնի մասին շատ ենք խոսել: Ներկայացվել են բարձրացման օբյեկտիվ 3 հիմքերը: Բերվել են հիմնավորումներ, սակայն ակնհայտ է, որ կա վստահության պակաս: Համարում եմ, որ կասկածը, անվստահությունը մեր առաջին թշնամին են նման հարցերում: Առաջին հերթին հենց դա պետք է վերացնենք: Առաջարկում եմ` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին`

•ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը,
•սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին: Այս պայմաններում դեռևս մի քանի ամիս առաջ կառավարության կողմից սկսված աշխատանքը Բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատիրոջ փոփո-խության առումով հաստատուն համոզմունք կդառնա՝ չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակ»,-ասել է նախագահը: