Բավ է պառակտվել
31-03-2014 13:59

Պարզվում է՝ Սաշիկ Սարգսյանը ոչ մի կապ չունի խախտումներ արձանագրած ընկերության հետ

՛՛Սեքյուրիթի Դրիմ՛՛ ՍՊԸ-ն պաշտոնապես հայտարարել է, որ Ալեքսանդր Ազատի Սարգսյանը որեւէ առնչություն չունի խախտումների արձանագրման կենտրոն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ: ՍՊԸ-ի տնօրեն Դ. Հակոբյանի հայտարարության մեջ ասվում է. «Նա երբեւէ չի հանդիսացել եւ չի հանդիսանում հիշյալ ընկերության հիմնադիր, մասնակից: Չի իրականացրել եւ չի իրականացնում ընկերության կառավարման որեւէ գործառույթ: Շրջանառվող տեղեկություններն առ այն, թե ընկերությունը պատկանում է Ա. Սարգսյանին, իրականությանը չեն համապատասխանում, դրանք մտացածին են եւ կեղծ: «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն իր գործառույթներն իրականացնում է ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության միջեւ 2011թ. հունիսի 13-ին կնքված պայմանագրի շրջանակներում: Հանրությանը հետաքրքրող՝ գանձված տուգանքների 70 տոկոսը ընկերությանն ուղղվելու երեւույթը իրականում հետեւյալն է. ընկերության կողմից կատարված ներդրումների ծավալը շուրջ 5 մլրդ 300 մլն ՀՀ դրամ է, որի վճարումը իրականացվել է, համակարգի շահագործման արդյունքում փաստացի գանձված գումարների 70 տոկոսից: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը, ընկերության կողմից ներդրած գումարները անվերապահորեն վճարելու պայման չի ընդունել, այլ ընկերության կատարած ներդրումների դիմաց վճարումը իրականացնում է այդ համակարգի արդյունավետ շահագործումից ստացված գումարների 70 տոկոսից: Բնականաբար, ներդրված համակարգի ոչ արդյունավետ շահագործման բացասական ռիսկը կրել եւ կրում է ընկերությունը: Հետագայում, 01.12.2013թվականից, ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության նախաձեռնությամբ, տոկոսային հարաբերակցության չափը փոփոխվել է՝ դարձել է հիսուն տոկոս, որն ուղղվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի կողմից կատարված ներդրումների, տեղադրված եւ սպասարկվող համակարգերի պահպանման, վերանորոգման, շահագործման եւ արդիականացման ծախսերի ապահովմանը»,- նշել է ընկերության տնօրենը: