Բավ է պառակտվել
19-11-2016 09:45

ՀՀ նախագահը Եվրոպական ներդրումային բանկն անվանել է ռազմավարական գործընկեր

Եվրոպական ներդրումային բանկը մեր ռազմավարական գործընկերն է, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիի հետ հանդիպման ժամանակ:

«Բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսական աճին նպաստող ռազմավարական նշանակության ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսին աջակցող ծրագրեր: Այս առումով Եվրոպական ներդրումային բանկին մենք համարում ենք մեզ համար ռազմավարական գործընկեր», - մեջբերում է Սարգսյանի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նա բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը, որը նրա գնահատմամբ, աչքի է ընկնում աճող ակտիվությամբ և արդյունավետությամբ: Սարգսյանը նաև կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, օգնում են նոր ծրագրերի կազմմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Եվրոպական ներդրումային բանկին՝ Հայաստանի համար կարևոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկի՝ «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրին աջակցության համար:

Բանկի փոխնախագահ Յան Վապավուորին իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ շատ լավ համագործակցության համար, որը սկսվել է 2007 թ.-ից: Առաջին վարկավորման ծրագիրը իրականացվել 2010 թ-ին և համեմատաբար կարճ ժամանակահատվածում բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել:

«Մենք հատկապես ուրախ ենք ու բավարարված ստորագրված ծրագրերի բարձր մակարդակի իրագործմամբ: Մենք տեսնում ենք, որ դուք ունեք շատ արդյունավետ վարչարարական մեխանիզմներ, որոնց շնորհիվ կարողանում եք արդյունավետորեն իրականացնել այդ բոլոր ծրագրերը», - ասել է Վապավուորին:

Նա գոհունակությամբ է խոսել նաև ուրբաթ ՀՀ ԿԲ-ի հետ ստորագրված ՓՄՁ ֆինանսավորման 50 մլն եվրո արժողությամբ ծրագրի երկրորդ փուլի պայմանագրի մասին, որի հիմնական շահառուները հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններն են:

ՀՀ նախագահը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը քննարկել են բանկի հետ Հայաստանի հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: