09-09-2016 17:59

Առանց քաղաքական բարեփոխումների, տնտեսական բարեփոխումները արդյունավետ չեն լինի. ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր գլխավորած ՀՀԿ նիստի ընթացքում հայտարարել է, որ առանց քաղաքական բարեփոխումների, տնտեսական բարեփոխումները չեն կարող արդյունավետ լինել:

Նախօրեին, կուսակցության գործադիր մարմինը, կառավարության նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Կարեն  Կարապետյանի թեկնածությունն առաջադրելու մասին:

Նախագահի խոսքով 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները  ոմանք ընկալեցին որպես հերթական քաղաքական միջոցա­ռում՝ պայմանա­վորված ա­ռա­ջին հերթին քա­ղաքական իրավիճակով և անձնական ինչ-ինչ հարցեր լուծելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե երկրի առջև ծա­ռացած հիմնարար խնդիրների հրա­մայականով:

«Սահմանադրական քարոզարշավի ըն­թացքում բերված մեր փաս­տարկները, թվե­րը, որոնք ակն­հայտորեն ցույց էին տալիս խորհրդարանա­կան կառավար­ման համա­կար­գի առավելությունները թե՛ երկրի կայու­նության, թե՛ տնտե­սական զարգացման և թե՛ քաղաքական համակարգի հու­սա­լիության առումով, շատերի կողմից դիտարկվում էին որպես զուտ քա­րոզ­չական հնարքներ», - ասել է Սարգսյանը:

Ըստ նրա, իրավիճակը կմնար նախկինի պես, եթե մենք սահմա­նա­փակ­վեինք բարե­փոխումների միայն նմանակմամբ, եթե լրջորեն նպատակ չհետապնդեինք միս ու արյուն տալ այն գաղափարներին, որոնք դրված են նոր Սահմանադրության հիմքում:

Նախագահի խոսքով քաղաքական բարեփոխումները ենթադ­րում են նախևառաջ քաղա­քական մշակույթ: «Քաղաքական բանավեճերի ու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման նոր եղանակներ, ուժի դիրքերից քաղա­քական ընդդի­մախոսների հետ խոսելու բացառում, քա­ղաքական համակարգում նպատա­կասլաց ու գաղա­փարներով լի մարդկանց ազատ մուտք, խորհրդարանը երկրի թիվ մեկ ամբիոնի վերածում, երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ երկրի բոլոր կարող ուժերի մտքերն ու գաղա­փարները մեկտեղելու հնա­րավորություն՝ անկախ քաղաքական դիրքավորումից և այլն»,- նշել է Սարգսյանը:

Նա հավելել է, որ քաղա­քա­կան բարեփոխումներն ինք­նանպա­տակ չեն, դրանք այս կամ այն մի­ջազ­գային կազ­մակերպության հորդորով, առավել ևս՝ պահանջով, արված քայլեր չեն. դրանք լավ հայրենիք ունենալու, անվտանգ հայրենիք ունենալու, սե­փական հողի վրա հազարամյակներ ապրելու ու արարելու նպատակով ար­ված բարեփոխումներ են:

«Կրկնում եմ՝ այս ամենի հիմքերը նոր ընդունված Սահմանադրության մեջ են: Սահմանադրական բարեփոխումներին հաջոր­դեցին բավականին բարդ, աշխա­տատար, պրոֆեսիո­նալ լուծումներ պահան­ջող նախապատ­րաս­տա­կան աշխատանք­ներ, որոնց մեծ մասը չի եղել հրապա­րակային: Վերջին օրինակը ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և քաղա­քացիական հասա­րակության ներկայացուցիչների հետ այն աննա­խադեպ համագործակցությունն էր, որ ընթանում էր վերջին ամիսներին, և հույս ունենք, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այն բարեհաջող ավարտ կունենա»,- ընդգծել է նախագահը: