Բավ է պառակտվել
16-02-2015 16:21

Պատժամիջոցները չեն կարող խանգարել Ռուսաստանի զարգացմանը.Սամվել Կարապետյան

Ես վստահ եմ, որ պատժամիջոցները չեն կարող խանգարել Ռուսաստանի զարգացմանը, եւ մենք պետք է առաջին հերթին հույսներս մեզ վրա դնենք։ Այս մասին Forbes պարբերականի հետ զրույցում հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ «Բոլոր այս սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում։ Դրանք կիրառում են, հետո չեղյալ են հայտարարում։ Կարծում եմ, որ պետք է քիչ խուճապի մատնվենք եւ շատ աշխատենք։ Ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով։ Մենք չեն զգում պատժամիջոցների ազդեցությունը»,- նշել է նա։ Կարապետյանի կանխատեսումների համաձայն՝ 2015թ. անշարժ գույքի շուկայի համար ծանր տարի է լինելու, սակայն ճգնաժամն իր որոշակի դրական կողմերն իհարկե ունենալու է։ Պակասում են մրցակիցները, իսկ նրանք, ովքեր մնում են, առավել ուժեղ են դառնում։ «Մենք միշտ էլ ճգնաժամն ընկալել ենք իբրեւ նոր հնարավորություններ բացող ժամանակաշրջան։ Մենք մնալու ենք, եւ ամեն ինչ լավ է լինելու։ Այո, կկրկնվի 2008թ. իրավիճակը։ Միակ տարբերությունն այն է, որ այս դեպքում ճգնաժամը տեղայնացված է, եւ ըստ իս, հենց այդ պատճառով էլ կարճատեւ կլինի»։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու 2008թ. ճգնաժամից հետո շուկայից անհետացան մի քանի խոշոր մատակարար, եւ որոնք էին նրանց սխալները, Կարապետյանը նշել է. «Առաջինը վերավարկավորումն է, երկրորդը անարդյունավետ կառավարումը։ Իսկ «Տաշիրում» ամեն ինչ այլ կերպ է կառուցված։ Իհարկե, վարկ վերցնելը շատ հաճելի բան է. դրանք ամենահեշտ փողերն են, սակայն վարկի մարումն է դժվար։ Մեր ընկերությունում նույնպես կան մարդիկ, որոնք չեն դիմանում այդ գայթակղությանը, սակայն ես կտրականապես արգելում եմ նրանց դա անել, քանի որ հասկանում եմ, ինչ է նշանակում վարկը մարել։ Ուստի մենք մշակել ենք հետեւյալ մոտեցումը. մենք առաջին հերթին ընդլայնվում ենք առաջ եկամտի։ Եթե չի բավականացնում, կարող ենք այդ դեպքում վարկ վերցնել, սակայն դա չնչին մաս է կազմում, որը չի անդրադառնում նախագծի ընթացին (արժեքի 10 տոկոսը)։ Ես սկզբունք ունեմ. մեր օբյեկտների միան 1/5 մասը կարող է վարկավորված լինել։ Այսօր առեւտրային անշարժ գույքի 30 օբյեկտներից վարկային պարտավորություններ ունեն միայն 5-ը։ Բացի այդ, մենք միշտ «անվտանգության բարձիկներ» ունենք՝ ազատ դրամական միջոցներ, որպեսզի պարտք չվերցնենք։ Հենց այդ պատճառով էլ մենք երբեք ոչ ոքից կախված չենք, հաշվետու չենք, վերակազմավորման կարիք չունենք եւ հանգիստ աշխատում ենք։ Ռիսկերը նվազագույն են. վատագույն դեպքում քիչ եկամուտ կունենանք։ Նման բիզնես մոտեցում էինք մշակել նաեւ 2008թ.»։ Կարապետյան նաեւ նշել է, որ պետք է համակերպվել այն մտքի հետ, որ նավթի գները անկում են ապրում, ռուբլին թուլանում է եւ հարմարվել ընթացիկ տնտեսական իրավիճակին։ «Ռուբլին առաջին անգամ չէ որ դեվալվացիայի է ենթարկվում։ Այստեղ սարսափելի բան չկա։ Կա ժամանակավոր խուճապ, որը կանցնի։ Հետո կսկսվի սղաճը, որը բիզնեսի համար դարձյալ նոր խթան է հանդիսանում»,- ասել է Կարապետյանը։