04-12-2016 23:43

Հայաստանի վարչապետի ամենավառ արտահայտությունները

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին Հայաստանի բարեգործական ընդհանուր միության (AGBU) կազմակերպած առցանց քննարկման ընթացքում պատասխանել է սոցցանցերի օգտատերերի ամենատարբեր հարցերի: 

«Մենք ֆանտաստիկ ներուժ ունենք՝ մարդկային կապիտալը»

Վարչապետը կարծում է, որ մարդկային կապիտալը Հայաստանի համար ֆանտաստիկ ներուժ է: Այդ պատճառով էլ, ըստ նրա, կառավարության համար կարևոր է այդ կապիտալի զարգացման պայմաններ ստեղծել, նախևառաջ, արդար, հավասար և մրցունակ տնտեսական դաշտ:

«Ես բազմիցս ասել եմ, որ տարբեր հարցումների արդյունքներով, ամենաերջանիկ երկրների թվին պատկանում են այն երկրները, որոնք առավելագույն բարենպաստ պայմաններ են ստեղծել աշխատող մարդու, ստեղծագործող մարդու համար: Այդ երկրների թվում չկան նրանք, որոնք ունեն գազ, նավթ և այլ նմանատիպ հարստություններ»,- նշել է վարչապետը:

«Առանց «ստվերի» դեմ պայքարի մեր տնտեսությունն ապագա չունի»

Քննարկման ընթացքում հնչել է նաև հարկային օրենսդրության անարդյունավետության մասին պնդումը, որին վարչապետը պատասխանել է, որ հեռանկարում կառավարությունն այն բարեփոխելու ծրագրեր ունի:

«Հասկանալի է այդ հարցում առկա դժգոհությունը: Երբեմն գործարարները կարծում են, որ ողջ բեռը դրված է «սպիտակ» տնտեսության ուսերին, իսկ «ստվերին» ոչ մի ուշադրություն չենք դարձնում: Հնարավոր է՝ դժգոհությունն արդարացված է, բայց եթե մենք չպայքարենք «ստվերի» դեմ և ամեն ինչ տեղափոխենց «սպիտակ» դաշտ», ապա մեր տնտեսությունն ապագա չի ունենա»,- նշել է վարչապետը:

Կարապետյանը միաժամանակ ընդգծել է բիզնեսի հետ հետադարձ կապի անհրաժեշտությունը: «Մենք պետք է լսենք նրանց առաջարկությունները և հասկանանք, թե համատեղ ինչ բարեփոխումներ են մեզ պետք»,- ասաց նա:
Նա նաև անհրաժեշտ է համարում հավասար մրցակցային հարթակ ստեղծել գործարար և աշխատավոր մարդու համար:

«Մենք փոխում ենք միջավայրը, նշանակում է՝ կոռուպցիայի համար այն բարդ ենք դարձնում»

«Մենք բոլորս խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Չգիտեմ որևթ կառավարություն կամ վարչապետի, ում կհարցնեին՝ Դուք պայքարու՞մ եք կոռուպցիայի դեմ: - Իսկ նա պատասխաներ՝ ոչ: Եվ երբ ես խոսում եմ ստվերի դեմ պայքարի մասին, ես նկատի ունեմ նաև կոռուպցիայի դեմ պայքարը»,- ընդգծել է Կարապետյանը:

Ըստ վարչապետի, կոռուպցիայի դեմ պայքարելու լավագույն եղանակը տնտեսական միջավայրի բարելավումն է:

«Պետք է փոխել միջավայրը: Իսկ միջավայրը փոխելու համար պետք է մրցունակ շուկա, առավելագույնս թափանցիկ գործարքներ վարկերի տրամադրմամբ և այլն: Մենք փոխում ենք միջավայրը, նշանակում է՝ այն կոռուպցիայի համար դժվար ենք դարձնում»,- նշել է կառավարության ղեկավարը:

«Պետք է պայմաններ ստեղծել Հայաստանը Սփյուռքի համար հետաքրքիր դարձնելու համար»

«Մեզ պետք է գործակցել: Գուցե «պետք է» բառը շատ կատեգորիկ է հնչում, բայց անտրամաբանական կլիներ դա չանել»,- կարծում է կառավարության ղեկավարը:

Հայաստանի զարգացման մեջ Կարապետյանը տեսնում է Հայաստանի, սփյուռքի և Աևցախի փոխգործակցության հատուկ դերը:

Ըստ նրա, շատ կարևոր է, որ սփյուռքի ներկայացուցիչներն իրենց ավանդը ներդնեն Հայաստանի կառավարչական կյանքում, կիսվեն իրենց մշակույթով: «Փոքրիկ օրինակ՝ սիրիահայերը եկել են Երևան, և ռեստորանային ծառայության որակը բարելավվել է: Կարող եմ մի շարք բնագավառներ թվարկել, որտեղ սփյուռքի հետ գործակցությունը մուլտիպլիկատիվ արդյունք կտա»,- ասել է նա:

«Ես սկզբունքորեն համաձայն չեմ, թե սփյուռքը պետք է ինչ-որ բան նախաձեռնի, ներդնի և այլն: Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ նա ցանկություն ունենա դա անելու, որ Հայաստանը սփյուռքի համար ներդրումների տեսանկյունից հետաքրքիր դառնա»,- ընդգծել է վարչապետը:

«Ես չեմ կարող ծանր բեռ դառնալ երկրի համար, եթե ոչ արդյունավետ աշխատեմ»

Կարապետյանը նշել է, որ շատերին հետաքրքրում է, թե ինչ ժամկետով է նա եկել կառավարություն:
«Կա՞ երկար աշխատելու ցանկություն: - Այո, բայց եթե դա արդյունավետ լինի: Չեմ կարող ծանր բեռ դառնալ երկրի համար, եթե ոչ արդյունավետ աշխատեմ»,- հավելել է վարչապետը:

«Անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստան»

Հենց այդպիսին է ցանկանում տեսնել ՀՀ վարչապետը Հայաստանը 10-20 տարի անց:

Իսկ սոցիալական ցանցերի օգտատիրոջ հարցին, թե ինչպիսին պետք է լինի մեր երկրի ապրանքանիշը, Կարապետյանը պատասխանել է՝ «ինտելեկտուալ Հայաստանը. ահա մեր հիմնական ապրանքանիշը»:


«Պետք է այնպես անել, որ արտագաղթելու ցանկություն չլինի»

«Ձգտելու ենք Հայաստանում կյանքը այնպիսին դարձնել, որ արտագաղթ չլինի: Ինչպե՞ս պայքարել արտագաղթի դեմ: Պետք է ուղղակի այնպես անել, որ արտագաղթելու ցանկություն չլինի», - կարծում է վարչապետը:
Այն հարցին, թե ինչ է պետք անել գործազրկության հետ, վարչապետն ասել է. «Գործազրկության դեմ պայքարելու միակ միջոցը աշխատատեղերի ստեղծումն է և բիզնեսին հետաքրքրելը, որ բիզնեսը ևս նոր աշխատատեղեր բացի»:

Զբոսաշրջության զարգացման համատեքստում Կարապետյանը գտնում է, որ պետէ Հայաստանը ճիշտ ներկայացնել որպես զբոսաշրջության երկիր:

«Մենք նոր հանձնաժողով ենք ստեղծել: Երբ պատրաստ կլինենք ներկայացնել ծրագիրը հասարակությանը, այն ձեզ կներկայացվի», - պարզաբանեց նա:

Իսկ դուք հեքիաթների հավատո՞ւմ եք

Facebook սոցիալական ցանցի օգտատիրոջ այս հարցին վարչապետը պատասխանեց հետևյալ կերպ.
«Առանց հեքիաթների մեծացած մարդը վտանգավոր է: Ես շատ եմ հավատում հեքիաթների, բայց առօրյա կյանքում դրանցող չեմ առաջնորդվում», - ավելացրեց ՀՀ կառավարության ղեկավարը:

Վարչապետի հետ քննարկումը կազմակերպվել է AGBU 110-ամյակի շրջանակում և նվիրված էր Հայաստանի սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման հարցերին: Ինչպես նշեց քննարկամն մոդերատոր Մարկ Գրիգորյանը, բոլոր հարցերը, որ տրվել են վարչապետին սոցիալական ցանցերի միջոցով, ուղարկվելու են կառավարության ղեկավարի գրասենյակ, և դրանցից յուրաքանչյուրին պատասխան է տրվելու: